Zham.am-ը գրում է․ Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա այցի ընթացքում, շատերը զարմացան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ քայլերից Մոսկվայի հանդեպ: Նախ Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ հույս ունի երկարաձգել Մոսկվայի հետ, այսպես կոչված, «ցորենային գործարքը» ևս երեք ամսով: Հետո հայտարարեց, որ մեկ ամիս անց Թուրքիան սպասելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին և վերջապես կատարեց իր գլխավոր քայլերից մեկը, ազատ արձակելով «Ազով» զինված խմբի հինգ անդամներին, որոնք իրենց տնային կալանքը անցկացնում էին Թուրքիայում, համաձայն Մոսկվայի հետ համաձայնության:

Էրդողանի այս երեք քայլերում կար միտում խոցելու Ռուսաստանին և անձամբ «իր ընկերոջ»՝ Պուտինին: Բանն այն է, որ այս ամսվա 17-ին լրանում է «ցորենային համաձայնության» հերթական ամսաթիվը, և ամենայն հավանականությամբ Մոսկվան կարող է չերկարացնել այդ գործարքը, որին ի պատասխան թուրքերն պատասխանում են, որ իրենց՝ ուկրաինացիների հետ համատեղ կերաշխավորեն այդ համաձայնությունը, նույնիսկ առանց ռուսների հետ համաձայնության: Իսկ դա նշանակում է կտրուկ քայլ Մոսկվայի հանդեպ:

Ռուսներին դուր չեկավ նաև Էրդողանի տոնը, թե ինչպես նա «հրավիրեց Պուտինին Թուրքիա», կարծես Պուտինը իր ենթական է, ով պարտական է գալ Էրդողանի մոտ, առաջին իսկ հրավերից հետո: Զարմանալի չէ, որ Պուտինի մամլո-խոսնակ Պեսկովը միանգամից հերքեց Էրդողանին, նշելով, որ «կոնկրետ այցի ժամանակացույց գոյություն չունի»:

Վերջապես հինգ «ազովցիների» հանձնումը Ուկրաինային․ դա ուղղակի հարված էր անձամբ Պուտինի իմիջին: Բանն այն է, որ այդ «ազովցիների» հանձնումը Թուրքիային լուրջ քննադատության էր արժանացել ժամանակին, քանզի Պուտինը այդ քայլին գնացել էր պայմանով, որ մինջև պատերազնի ավարտը Էրդողանն իրեն խոստացել էր, որ չի հանձնի Ուկրաինային: Փաստորեն Էրդողանը դրժեց իր խոսքը, ինչով մեծ հարված հասցրեց Պուտինի հեղինակությանը: Իսկ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովության փորձից հետո, դա Պուտինի հանդեպ երկրորդ մեծ հարվածն էր, որը հասցվեց այս անգամ Էրդողանի կողմից:

Փորձագետների կարծիքով, Էրդողանը փաստացի «վաճառեց» իր հարաբերությունները Պուտինի հետ, որպեսզի կարողանա բարելավել իր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Վերջինս, արդեն ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովից առաջ հայտարարեց, որ կողմ է որպեսզի Թուրքիան ստանա Ֆ-16 կործանիչները:

Կարող ենք ասել, որ իր այդ քայլով Էրդողանը փորձում է «նոր էջ» բացել թուրք-ամերիկյան հարաբերություններում, որն ավտոմատ կնշանակի էապես վատթարացում ռուս-թուրքական հարաբերություններում:

Փորձագետների կարծիքով, Էրդողանի այս քայլը պայմանավորված էր Թուրքիայի տնտեսական վատթար վիճակով: Իդեպ երեկ այդ երկրում կտրուկ բարձրացան հարկերը, ինչը խորը դժգոհություն կարող է առաջացնել այդ երկրի  հասարակ քաղաքացիների մոտ: Ինչ վերաբերվում է ռուս-թուրքակական հարաբերություևնների հնարավոր վատթարացմանը, ապա մոտ ժամանակներս պարզ կդառնա, թե ինչպես դա կարող է արտահայտվել և կարող է արդյո՞ք այն իր ազդեցությունը թողնել  այդ տարածաշրջաններում, որտեղ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններն իրար հատվում են:

Սա է իրականությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն