Կա տարածված մոտեցում, որ նիկոլիզմի ուժը դրա ապագաղափարական բնույթն է, այն, որ նիկոլիզմը զերծ է ամեն տեսակ «իզմ»-երից, բացարձակ փոփոխական է, նման է միֆական Պրոթևսին՝ ունակ է ստանալ ցանկացած կերպարանք՝ ազգայնականի, գլոբալիստի, ազատականի, ավտորիտարիստի և այլն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Այս մոտեցումն իհարկե ունի ճշմարտության մեծ բաղադրիչ։ Սակայն, կարծում եմ, նաև ունի լուրջ թերություն, քանի որ հաշվի չի առնում նիկոլիզմի խիստ որոշակի ու հաստատուն վերաբերմունքը ՄԱՐԴՈւ նկատմամբ - այ այդ հարցում նիկոլիզմն ավելի քան գաղափարական է։ 

Նիկոլիզմի հիմքերի հիմքում, ըստ իս, ընկած է այն գաղափարը, որ մարդ արարածի կյանքի միակ իմաստը անձնական հաջողության հասնելն է՝ առանց միջոցների խտրության։

«Եղու՞նգ ունես՝ գլուխդ քորի», - սա՛ է նիկոլիզմի նշանաբանը։ «Ոչ մի բարոյական արգելք չկա - գերնպատակը քո՛ հաջողությունն է - դու իրավունք ունես հասնել դրան ամեն գնով», - սա՛ է նիկոլիզմի բուն էությունը։ «Շողոքորթի՛ր, եթե դա անձամբ քե՛զ հաջողություն է բերելու, ստի՛ր, եթե դա անձամբ քե՛զ հաջողություն է բերելու, մատնի՛ր, դավաճանի՛ր, ինչ ուզում ես արա՛, եթե դա անձամբ քե՛զ հաջողություն է բերելու», - սա՛ է նիկոլիզմի բուն ուղերձը։

Այսպես են նրանք վարվում։ Այսպես են նրանք վարվել միշտ։ Սա՛ է նրանց հավատամքը։

Ես չգիտեմ, թե ինչպես է պետք պայքարել այս գաղափարախոսության դեմ, սակայն ենթադրում եմ, որ առնվազն անհատական մակարդակում պետք է փորձել սեփական օրինակով հակառակ ուղերձներ տալ, ընդ որում՝ իրական, այլ ոչ թե «քարոզչական»։ Նաև երևի պետք է հայացք ուղղել «հակադիր գաղափարախոսություններին», օրինակ՝ քրիստոնեական բարոյականությանը, քաղաքացիական պարտքի ուսմունքին, և այլն»,-գրել է Մելիքյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն