Հրաժարականի դիմում ներկայացրած Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հինգերորդ անգամ չի առաջադրվի և կհեռանա քաղաքականությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ռյուտեն նախարարների կաբինետի հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 7-ին՝ այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան երկար խորհրդակցություններից հետո չկարողացավ համաձայնության գալ ապաստան հայցողների հոսքը սահմանափակող միջոցների շուրջ։ Ռյուտեի պահպանողական կուսակցությունը ցանկանում էր սահմանափակել ապաստան հայցողների հոսքը, սակայն 4 կուսակցությունից բաղկացած կոալիցիայի մեջ մտնող 2 կուսակցությունները հրաժարվել էին աջակցել այս նախաձեռնությանը։

Ռյուտեն նշել է, որ այլևս չի լինի VVD կուսակցության ղեկավար, իսկ նոր կաբինետի ձևավորումից հետո կհեռանա քաղաքականությունից։

Ռյուտեն Նիդերլանդների պատմության մեջ ամենաերկար պաշտոնավարող վարչապետն է։ Նա կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2010 թ․ հոկտեմբերին։

56-ամյա Ռյուտեն ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա մինչև հաջորդ ընտրությունները:

Ըստ Նիդերլանդների ընտրական խորհրդի՝ նոր խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել նոյեմբերի կեսերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն