Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացված Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե:
Հայաստանի պատանեկան թիմի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել է ազատ ոճային ըմբիշ, 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը:
Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում Մոսեսյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ և գոտեմարտի ընթացքում պարտվելով 0-9 հաշվով՝ կամային բարձր որակների շնորհիվ կարողացել է 17-11 հաշվով հաղթանակ տանել: Քառորդ եզրափակչում Մոսեսյանը 11-0 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, կիսաեզրափակիչում 3-1 հաշվով հաղթել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Ջենարալիևին, իսկ եզրափակչում 12-6 հաշվով վստահ հաղթանակ տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները նաև 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Պատանեկան ԵԱ-ի արծաթե մեդալներին արժանացել են Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) զբաղեցրել են երրորդ տեղն ու բրոնզե մեդալներ են նվաճել:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները երկուական արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել:
Առաջնության փոխչեմպիոններ են դարձել Գառնիկ Մանուկյանը (41 կգ) և Պետրոս Բաղրամյանը (85 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Մարատ Աճեմյանը (44 կգ) և Ջանես Նազարյանը (57 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: