Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները և պահանջների խախտումները պատժելի դարձնել բոլոր դեպքերում՝ անկախ այն հանգամանքից՝ այն բարձրացված է պետակա՞ն շենքի վրա, թե՞ մեկ այլ վայրում: Այդ մասին նախագիծը հուլիսի 11-ի ԱԺ արտահերթ նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Դրոշի մասին օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, չգունաթափված և մաքուր, ընդ որում՝ դրոշի ներքևի մասը պետք է լինի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Նախագծով առաջարկվում է ՀՀ դրոշին ներկայացվող վերոնշյալ պահանջները խախտելու դեպքերում տուգանք սահմանել: Ըստ այդմ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30 000-50 000 դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 70 000-100 000 դրամով:

Ըստ նախարարի տեղակալի՝ խախտումների նկատմամբ վերահսկողությունն առաջարկվում է վերապահել միայն ՀՀ ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել՝ առանց Վարչական դատարան դիմելու:

«ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման հսկողությունն իրականցնում և պատասխանատվություն կիրառում է ՀՀ ոստիկանությունը, եթե դրոշը տեղադրված, ամրացված կամ բարձրացված է շենքերի և շինությունների վրա կամ դրանցից դուրս, կամ դրանց արտաքին հատվածի վրա»,- ասաց նախարարի տեղակալը:

Հարությունյանը նաև նշեց, որ առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածը լրացնել 6-րդ մասով, ըստ որի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների՝ պետական, գիտական, մարզական, մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրված այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն