Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Օլիվիե Լըֆեբվրը՝ Հարավային Կովկասում Ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդը:

Դեսպան Լույոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, և հուլիսի 21-ից նրան կփոխարինի Օլիվիե Դեկոտինը:

Հանդիպման ընթացքում նախարար Մինասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամուր հարաբերությունները և իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ Արդարադատության նախարարության ծավալուն օրակարգին շարունակաբար աջակցելու համար:

Նախարար Մինասյանը նաև նշել է, որ մեծագույն պատիվ էր աշխատել Անն Լույոյի հետ՝ արպես բարձրակարգ դիվանագետի, և հույս է հայտնել, որ հետագայում առիթ կլինի աշխատելու պաշտոնավարման այլ ուղղություններով:

Դեսպան Լույոն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես Հայաստանի կողքին է: Դեսպանը նաև բարձր է գնահատել նախարարության բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, և շնորհավորել էական առաջընթացի համար:

Նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում՝ ինստիտուցիոնալ, գործառութային և օրենսդրական կարգավորումների լավարկման ուղղություններով:

Կողմերը հանգամանորեն քննարկել են հայ-ֆրանսիական իրավական ոլորտի օրակարգը՝ նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման, դատական համակարգի թվայնացման, փողերի լվացման իրավական կարգավորումների, ապօրինի գույքի բռնագանձման կառուցակարգերի կիրարկման հետ կապված հարցերն ու նախանշել են համագործակցության հետագա շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև արդարադատության մատչելիությանը, ատելության խոսքի քրեականացմանը, խտրականության բացառմանն ուղղված իրավակարգավորումների նախանշմանը, ոլորտային մասնագետների կարողությունների զարգացմանը, դատավորների և դատախազների վերապատրաստմանը և այլն:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը հայ-ֆրանսիական բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն