Մոսկվան համարժեք քայլեր է ձեռնարկում ի պատասխան ՆԱՏՕ-ի ընդլայնման հնարավորության․ Լավրով
Մոսկվան համարժեք քայլեր է ձեռնարկում ի պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հնարավորության։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ-Բուսաիդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ ՌԴ-ին զարմացրել է, թե ինչ արագությամբ են Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել չեզոքությունից՝ հանուն ՆԱՏՕ-ին անդամակցելու։
«Ապշեցրեց այն արագությունը, որով և՛ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան հրաժարվեցին իրենց չեզոք կարգավիճակից, այն առավելություններից, որ այդ չեզոք կարգավիճակը երկար տասնամյակներ տալիս էր նրանց, ապահովում նրանց համեմատաբար ինքնուրույն դերը, ապահովում նրանց հեղինակությունը Եվրոպայում, միջազգային ասպարեզում»,- նշել է Լավրովը։
Նա կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է յուրացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքները, քննարկվում է դաշինքի ենթակառուցվածքների տեղակայումը ՌԴ սահմանների մոտ։ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Մոսկվան գիտի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար: