Ակտիվությունը պատվաստումների նկատմամբ անընդհատ աճում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք 163 հազար պատվաստում ենք արդեն իրականացրել: Իհարկե, այսօր կառավարության որոշամամբ ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը եւս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ պատվաստվեն: Դա կարեւորագույն երաշխիք է աշնանը, նոր ուսումնական տարվա սկզբին ունենալ ավելի շատ պատվաստված անձինք: Մենք նաեւ նախապատրաստում ենք  որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք նաեւ կառավարության դատին:

Ինչպես տեսնում ենք բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ եւ սահմանափակումների, եւ խրախուսման, եւ փորձում են հնարավորինս ապահովել  պատվաստումների բարձր ցուցանիշներ:

Եթե նախկին շտամերի պարագայում բնակչության թիրախային ցուցանիշ վերցվում էր 65 տոկոս պատվաստումը, ներկայումս դելտա շտամի  պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավել»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նկատեց, որ ցավոք սրտի, հարեւան Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է. «Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք: մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս միտումը պահպանվի եւ թվերի կտրուկ աճ չունենանք»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւս մտահոգիչ համարեց, որ թվերը թեեւ դանդաղ, բայց աճում են. «Մենք Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ ունենք պատվաստանյութերի փոխանակման առումով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դոզա պատվաստանյութ փոխանցել Հայաստանին: Սա ըստ էության, նվիրատվություն է, մենք էլ նվիրատվություն կանենք: Այս համագործակցությունը կարեւոր է, որովհետեւ մեր երկրների քաղաքացիների միջեւ  ակտիվ հաղորդակցություն կա»,-ասաց նա:

Ավանեսյանն էլ հավելեց, որ երեկ Լիտվայի կառավարությունը եւս որոշել է Հայաստանին 27 հազար դոզա պատվաստանյութ նվիրել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն