Սեփականությունը վերցնելը պետք է հեշտ գործ չլինի. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ուրիշի սեփականությունը վերցնելը պետք է հեշտ գործ չլինի։ «Դա պետք է շատ մեծ գործընթաց անցնի, հակառակ դեպքում, դա շատ գայթակղիչ կլինի շատերի համար»,- ասել է նա: Սուքիասյանի խոսքով՝ սեփականության իրավունքը պետք է հազարավոր գործիքներով պաշտպանված լինի։
Դա պետք է կարճ ժամանակում մի կոճակով վերցնել հնարավոր չլինի: «Նախկինում մի կոճակով էր լինում: Բոլոր դեպքերում, այդ ամենից հետո հարցը պետք է գնա դատարան: Եթե այդպես չլինի, մեկ կոճակով ցանկացած պահի ցանկացած մարդու կարող են զրկել սեփականությունից: Դա շատ վատ բան է»,- ընդգծել է նա:
Պատգամավորի խոսքով՝ նոր իշխանությունների գործունեության արդյունքում է, որ Հայաստանի պետական բյուջե մեծ գումարներ են մտել։ «Մենք տեսնում ենք, որ մարդիկ, որոնք ապօրինի հարստացել են, բավականին մեծ գումար են վճարել Հայաստանի բյուջե: Դուք տեսնում եք, որ եթե վերջին 26 տարում բյուջեն հասել էր 2․5 մլրդ-ի և այս 4 տարվա ընթացքում ևս 2․5 մլրդ-ով ավելացել է:
Այսինքն երբ խոսքը տնտեսական վնասի մասին է, օրենսդրությամբ նախատեսված են կարգավորումները»,- ասել է նա։