ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ հնարավոր չէ վերանայել երթուղիներն ու դրանց համար սահմանել փոխադրավարձ։ Եվ քանի որ միասնական ցանցում տրանսպորտային երթուղիների օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել, օրենսդրական փոփոխություն է պետք, որպեսզի ՀՀ բոլոր բնակավայրերն ունենան նորմալ տրանսպորտային սպասարկում:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչպես նաև միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ։

Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները։

Առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը փոխադրավարձի բարձրացման վերաբերյալ։ Մասնավորապես՝ միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում վերանայել փոխադրավարձը կամ միասնական օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում սահմանել փոխադրավարձը առանց մրցույթի։

Փոխադրավարձի վերանայման իրավասությունը կարող է վերանայվել մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

Սահմանվում է, որ միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության կամ միասնական երթուղային ցանցում նոր երթուղիների ձևավորման դեպքում փոխադրավարձի սահմանման, ինչպես նաև գործող երթուղիների սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձի վերանայման պահանջները հաստատում է ՀՀ Կառավարությունը։

Բացի այդ, վերանայվում է բազմաբնակավայր համայնքների ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող տրանսպորտային միջոցները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցվածության պահանջը։

Հանձնաժողովում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն