Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը. ՀՀ ԱԳՆ
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որում ասվում է․
«Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում անցակետի տեղադրում և հանրահռչակված «պատժիչ» նպատակներով տեղաշարժի արգելափակում, ապացուցում են, որ այս քայլերը հստակորեն ծրագրված են ադրբեջանական իշխանությունների կողմից և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտումների ենթարկելուն։
Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև բացահայտ արհամարհանք են քաղաքակիրթ հանրության՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Դատարանն իր վերջին որոշումով փաստեց, որ Ադրբեջանի պնդումները, թե վերջինս իրականացնում է Դատարանի փետրվարի 22-ի` Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումը, աղերս չունեն իրականության հետ։
Այս ամիսների ընթացքում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը, որը մինչ այժմ ուղեկցվում է Ադրբեջանի կողմից արդեն մի քանի ամիս շարունակվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խաթարմամբ, շարունակում է էլ ավելի վատթարանալ։
Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը։ Եթե Լաչինի միջանցքի անխափան գործելու պարագայում Լեռնային Ղարաբաղը ստանում էր շուրջ 400 տոննա բեռ, իսկ դեկտեմբերի 12-ից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով փոխադրվում էր դրանից տասնյակ անգամներով պակաս սնունդ, ապա այժմ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև, քանի որ ցանկացած ապրանքի մատակարարում ի սպառ արգելվել է։ Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, որ փորձ է կատարվել տեղափոխել ծխախոտ և բջջային հեռախոսների մարտկոցներ, մի կողմից ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի բնակչության ճարահատ և արժանապատվությունը ոտնահարող իրավիճակը, մյուս կողմից ևս մեկ անգամ ապացուցում բեռների անխոչընդոտ տեղաշարժի չգործելու փաստը։
Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև առողջապահական ոլորտում։ Հստակորեն նկատվում է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար ահրաժեշտ դեղորայքի պակաս, ինչի հետևանքով մի շարք խոցելի և լիարժեք բժշկական օգնության կարիք ունեցող խմբեր՝ քաղցկեղով և դիաբետով տառապող անձիք, հղի կանայք, մանկահասակ երեխաներ, կանգնած են լրջագույն առողջական խնդիրների առջև։ Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ նկատվում է մահացության տեմպերի աճ։
Այս ընթացքում անհապաղ բժկական օգնություն ստանալու նպատակով ԿԽՄԿ միջոցով ՀՀ են կարողացել փոխադրվել միայն մի քանի տասնյակ հիվանդներ և նրանց ուղեկցող անձինք։ Նրանք ստիպված են եղել անցնել մարդկային արժանապատվությունը վիրավորող գործընթացներով, նկարահանվել և որպես գործիք են օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ապացուցելու, որ Լաչինի միջանցքով իբրև թե գործում է մարդկանց անխափան անցում։
Ցավալի է արձանագրել, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։
Նման իրավիճակում Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ ի կատար ածելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին: Սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները եւ Միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը»: