Ջրառատ ու Խորոնք գյուղերի մանկապարտեզներն ավելի սեյսմակայուն ու հարմարավետ կդառնան
Նոր ուսումնական տարում Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ և Խորոնք գյուղերի երեխաները կհաճախեն հիմնանորոգված ու կահավորված մանկապարտեզներ: 40-50 տարվա պատմություն ունեցող կառույցների հիմքերը խարխլվել էին ու ամրացման խնդիր ունեին: Հիմնանորոգումն իրականացվել է 2022թ. սուբվենցիոն ծրագրերով. գումարի զգալի մասը՝ 70 տոկոսը, կառավարությունը վճարել է պետական բյուջեից: Ամրաշինական աշխատանքների արդյունքում նախադպրոցական կրթական հաստատությունները կլինեն սեյսմակայուն, կունենան ջեռուցման համակարգեր:
Անցած տարվա աշնանից Արաքս համայնքի Ջրառատ ու Խորոնք գյուղերի մանկապարտեզներում հիմնանորոգման աշխատանքներ են: Նոյեմբերի 15-ից մինչև այսօր շինարարական տեխնիկան Ջրառատ գյուղի մանկապարտեզում է: Նախ ամրացրել են կառույցի հիմքերը, հետո անցել ներքին հարդարման աշխատանքներին: Շինարար Արսեն Խուդինյան.
«Քանի որ դիմացը ձմեռ էր, մենք աշխատանքները դանդաղեցրինք, որպեսզի ձմեռային պայմաններում շատ շինանյութ ու հավելյալ ծախսեր չանենք: Փետրվարից արդեն սկսել ենք մեծ թափով աշխատել: Հիմա ընթանում են վերանորոգման, գաջման և հատակի բետոնապատման աշխատանքները»:
Շինարարական աշխատանքների ավարտին կարճ ժամանակ է մնացել, բայց Արմավիրի մարզպետն ու քաղաքաշինության վարչության աշխատակիցները, հետևելով աշխատանքների ընթացքին ու եղանակային պայմաններին, այնքան էլ վստահ չեն, որ մանկապարտեզը ժամանակին շահագործման կհանձնվի, թեպետ վանաձորցի շինարարներն աշխատում են մինչև ուշ երեկո և գիշերում այնտեղ:
Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետ Գասպար Հովհաննիսյան․ «Այն, ինչ դեռ պետք է անեն շինարարները, բավական աշխատատար գործընթաց է: Ճիշտ է, իրենք բետոնապատման ծանր աշխատանքներն արդեն ավարտել են, բայց ընդհանուր ներքին հարդարման աշխատանքները բավականին մեծ ծավալի են և ժամանակ են պահանջում: Մտահոգություն ունեմ, որ չեն հասցնի,եթե չավելացնեն աշխատողների թիվը»:
Իսկ շինարարները վստահեցնում են, որ օգոստոսի վերջին նախադպրոցական հաստատությունը հիմնանորոգված կդիմավորի իր սաներին: Մինչև վերանորոգումը Ջրառատի մանկապարտեզը երկու խմբանոց է եղել ՝ 60 երեխայով, հիմնանորոգումից հետո կավելանա ևս մեկ խումբ: Ջրառատի մանկապարտեզը հիմնանորոգվում է 2022թ սուբվենցիոն ծրագրով, որի պայմանագրային արժեքը 195 մլն դրամ է: Գումարի 70 տոկոսը հատկացվել է պետական, 30 տոկոսը՝ համայնքային բյուջեից:
Անցած տարվա սուբվենցիոն ծրագրով շարունակվում է նաև Խորոնք գյուղի մանկապարտեզի վերակառուցումը: Հիմնանորոգումն այստեղ էլ սկսել են ամրաշինական աշխատանքերից: Շինարարության ընթացքին հետևում են տեխնիկական հսկիչները, որ թերացումներ չլինեն: Տեխհսկող կազմակերպության ղեկավար Սենիկ Մարգարյան.
1 / 6
«Մենք այստեղ ունենք բավականին լուրջ ամրացման աշխատանքներ՝ սեյսմազինվածության ավելացում, քանի որ գործ ունենք երեխաների հետ, մանկապարտեզ է: Շատ ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Մենք մոտենում ենք այդ բարդ աշխատանքների վերջնակետին, մեզ մնում է ծածկը դնել ու ներսի հարդարման աշխատանքներին անցնել: Շինարարի ժամկետը մինչև սեպտեմբերի 20-ն է, բայց եթե չավարտենք, մենք օրենքով սահմանված կարգով մեկ ամսով կարող ենք ավելացնել ժամկետը»:
Խորոնքի մանկապարտեզի վերանորոգման համար պահանջվել է 158.5 մլն դրամ: Այս մանկապարտեզը նույնպես հիմնանորոգումից հետո երկու խմբի փոխարեն կունենա 3 խումբ: Ջրառատ ու Խորոնք գյուղերի մանկապարտեզահասակ երեխաները հիմա հաճախում են հարևան Ապագա, Լուսագյուղ և Արաքս գյուղերի մանկապարտեզներ:
Համայնքում այլ մանկապարտեզներ էլ են վերանորոգվում՝ ասում է Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը. «Մեծամորի մանկապարտեզը վերանորոգվում է, Գայինը նորակառույց է, երկրորդ փուլով բակային տարածքն է բարեկարգվում, Առատաշենում ավարտվել է հիմնանորոգումն ու երկրորդ մասնաշենքն այս պահին գործում է, երեխաները մանկապարտեզ են հաճախում. երրորդ խումբն ենք բացել այնտեղ՝ 30 երեխայով:Մոտավորապես 95 երեխա ունենք, կահավորված է FCN (Կենտրոնացեք երեխաների վրա) բարեգործական կազմակերպության միջոցով: Խորոնքի մանկապարտեզը նույնպես վերակառուցում ենք 90 երեխայի համար, քանի որ այս գյուղում երեխաների թիվն աճում է»:
Արմավիրի մարզում մի քանի տասնյակ մանկապարտեզներ են հիմնանորոգվում ու կառուցվում: Շինարարական աշխատանքներում գործի կեսն արդեն արվել է: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ասում է, որ սուբվենցիոն ծրագրի փաթեթում շենքերի հիմնանորոգման հետ ներառված է նաև բակերի բարեկարգումը:
«Ի տարբերություն նախորդ տարիների, երբ առանձին փոքր համայնքների ֆինանսական հնարավորությունները չեն ներել և չեն կարողացել մեծ ծրագիր անել՝ զուգահեռ բակ վերանորոգել, որովհետև գումարը չի բավարարել: Գույքի խնդիրն առանձնապես մեծ չէ համայնքի համար: Եվ քանի որ մենք ունենք տարբեր հնարավորություններ մանկապարտեզները գույքով համալրելու, մասնավորապես մեզ շատ հայտնի FCN ընկերությունը, որը գրեթե մեր բոլոր մանկապարտեզների գույքի հարցն է լուծում՝ կահույքի մասով, մնում է խոհանոցի գույքը, դա էլ արագ ձեռք ենք բերում համայնքի միջոցներով մինչև մանկապարտեզի բացվելը»:
Երկու գյուղերի մանկապարտեզները կունենան ջեռուցման համակարգեր ու կաշխատեն ձմռանը:
Արմավիրի մարզի 7 համայնքներում 2023թ սուբվենցիոն ծրագրերով նախատեսվել է ևս 7 նախադպրոցական կրթական հաստատությունների հիմնանորոգում: