Անկարայի ակնարկը Մոսկվային․ ինչո՞ւ է Էրդողանը հիշեցնում խաղաղապահների գործունեության ժամկետը
2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան տարածաշրջանից՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ասուլիսում ասել է Թուրքիայի ղեկավարը։ Էրդողանը հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրա այն դրույթը, որ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է Ղարաբաղում մնա 5 տարի։ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվան կկատարի այս պահանջը։ Ո՞ւմ է ուղղված Էրդողանի հայտարարությունը և ինչ արձագանք է ենթադրում։
Եթե 2025 թվականին հայկական կամ ադրբեջանական կողմերից որևէ մեկը չցանկանա, որ ռուս խաղաղապահները մնան Արցախում՝ ռուսները կհեռանան, սակայն Էրդողանը Ղարաբաղյան խնդրում կողմ չէ, և այս հարցում խոսքի իրավունք չունի՝ ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի այն հայտարարությանը, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Ղարաբաղից: Զրուցակցիս կարծիքով՝ այսօր դեռ վաղ է ասել, թե ինչ կլինի երկու տարի հետո, երբ լրանա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնված ռուսական խաղաղապահության ներկայության ժամկետը։
«Այս պահի դրությամբ դեռ հնարավոր չէ ասել, թե ինչ է լինելու, քանի որ այս հարցում բազմաթիվ հարցականներ կան։ Պարզ է, որ Ռուսաստանի տարածաշրջանային հակառակորդը եղել և մնում է Թուրքիան, և Էրդողանն, այսպիսով, դիրքորոշում է հայտնում։ Անկարան կողմերից մեկը չէ, բայց եթե մենք քաղաքական ենթատեքստը ուսումնասիրենք, ապա Բաքուն՝ որպես առանձին գործոն, գոյություն չունի, կատարում է Թուրքիայի պատվերը, և այստեղ Էրդողանի պատվերը հնչեցված է։ Այն, ինչ հայտարարել է, տեղավորվում է Էրդողանի քաղաքական գծի մեջ։ Նա ընտրություններում Պուտինից աջակցություն ստացավ և հիմա սկսեց Ռուսաստանի դեմ գործել»։
Էրդողանը հղում է անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի և Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ ռուս խաղաղապահների գործունեության ժամկետը լրանում է 2025 թվականին։
Փաստաթղթի 4-րդ կետով ամրագրվում է նաև խաղաղապահ զորակազմի գործունեության ժամկետի երկարաձգման հնարավորությունը։ Նշվում է, 5- ամյա ժամկետներով ավտոմատ երկարաձգման տարբերակը, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ թեև այսօր հայկական կողմում դժգոհություններ կան ռուս խաղաղապահներից, որ լիարժեք չի ապահովվում ստանձնած պարտավորությունների իրականացումը, ինչի հետևանքով արդեն 7 ամիս փակ է Բերձորի միջանցքը, սակայն ռուս խաղաղապահների ներկայությունը, նրա համոզմամբ, զսպող գործոն է։
Բացի դրանից՝ հեռանալու մտադրություն չունի նաև Մոսկվան։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ոչ մի ցանկություն չունի հեռանալ տարածաշրջանից։ Եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից այդ վակուումը ոչ միայն կփորձի, այլև կզբաղեցնի Թուրքիան։ Հիմա Թուրքիան Արցախյան վերջին պատերազմից հետո փորձում է հնարավորինս ուժեղացնել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Թուրքիայի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերցնել իր աշխարհաքաղաքական ազդեցության ներքո, Ռուսաստանին դուրս թողնել տարածաշրջանից։ Զգուշորեն է դա անում, Ադրբեջանին օգտագործելով է դա անում»։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ շեշտում է, որ հայկական կողմից միջազգային մեխանիզմների ներդրման մասին խոսակցությունները թուլացնում են ռուս խաղաղապահների դերը։ Պետք է հասկանալ, որ Բաքուն երբեք թույլ չի տա միջազգային որևէ ներկայություն Արցախում, անգամ ՄԱԿ-ի դրոշի ներքո՝ ավելացնում է ակադեմիկոս Սաֆրաստյանը։
Վերջին շրջանում ադրբեջանական մամուլն ընդգծված հակառուսական քարոզչություն է տանում, փորձագետներն անգամ զուգահեռներ են տանում ուկրաինական մամուլի հետ։ Մյուս կողմից, սակայն, ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման տարբեր դրսևորումներ կան։ Ռուս խաղաղապահներին տարածաշրջանից հեռացնելու ձգտումը ռուս-թուրքական համաձայնությունների արդյո՞ւնք է, թե՞ ռուս-ադրբեջանական հակասությունների հետևանք։ Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյան․
«Վերջին շրջանում տեսնում ենք, որ Թուրքիան ռևերանսներ է անում Արևմուտքի ուղղությամբ։ Դա, իմ կարծիքով, պայմանավորված է տնտեսական, ֆինանսական ծանր դրությամբ, և Թուրքիային պետք է Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող միջազգային կազմակերպությունների օգնությունը։ Բայց նաև Թուրքիան չի ուզում հրաժարվել այն առավելություններից ու օգուտներից, որոնք ստացել է Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Խոսքը բազմամիլիարդանոց օգուտների մասին է։ Միայն այն, որ իր տարածքը բաց է պահում և չի ենթարկվում ՌԴ դեմ պատժամիջոցներին, Թուրքիային տասնյակ միլիարդավոր դոլարներ է բերում»։
Մոսկվայից Էրդողանի հայտարարություններին արձագանք առայժմ չկա։