Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր
Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև քաղաքական երկխոսության զարգացմանը, երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ:
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումն՝ ի նպաստ տարբեր բնագավառներում հայ-պորտուգալական համագործակցության զարգացման:
Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը և այդ ուղղությամբ առկա մարտահրավերները:
Նախարար Միրզոյանը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն շուրջ 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հայության համար կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելուն և էթնիկ զտման ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև խորհրդարանական շրջանակների կողմից նշյալ խնդիրների բարձրաձայնման և հստակ գործողությունների հասնելու կարևորությունը:
Հարատև խաղաղությանն ուղղված ջանքերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: