Մարդու իրավունքների մասին բարձրաձայնած չինացի միլիարդատերը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Չինացի միլիարդատեր Սուն Դաուն դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, հայտնում է BBC լրատվականը։
Սուն Դաուն, որը ղեկավարում է գյուղատնտեսական ձեռներեցության ոլորտում երկրի խոշորագույն մասնավոր հիմնարկություններից մեկը, նախկինում բարձրաձայնել է մարդու իրավունքների և քաղաքականության ոլորտներում առկա զգայուն խնդիրների մասին։ Նա մեղավոր է ճանաչվել «կոնֆլիկտներ հրահրելու», ինչպես նաև պետական մարմինների վրա հարձակվելու և պետական ծառայողներին իրենց պարտականությունները կատարելիս խոչընդոտելու նպատակով մարդկանց հավաքագրելու համար։
Միլիարդատերը ձերբակալվել էր անցյալ տարի՝ պետական ֆերմայի հետ վեճի պատճառով: Նրա հետ բերման է ենթարկվել ևս 20 մարդ՝ նրա հարազատներն ու գործընկերները: Այդ ընթացքում նրա տասնյակ աշխատակիցներ վիրավորվել են ոստիկանության հետ բախումների ժամանակ: 67-ամյա գործարարը հերքել է իր նկատմամբ հնչած մեղադրանքները և նշել, որ դատապարտվող գործարարները մարդիկ են, որոնք ներդրումներ են արել։
Գործարարը, որը դեմ է կառավարության գյուղատնտեսական քաղաքականությանը, 2003 թվականին նույնպես դատապարտվել է ազատազրկման, սակայն հասարակության աջակցության արդյունքում գործը կարճվել է։
Սունը համարվում է չինացի որոշ հայտնի այլախոհների մերձավորը և նախկինում քննադատել է կառավարության գյուղատնտեսական քաղաքականությունը: Նա այն քչերից էր, ով բացահայտորեն իշխանություններին մեղադրել է խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումը կոծկելու համար, ինչը 2019-ին ազդել էր իր ֆերմաների վրա և ոչնչացրել երկրում այս ոլորտի բազմաթիվ ձեռնարկություններ: