Հայկական բանակի հակահարվածը փոխում է իրավիճակը
Երասխում եւ Գեղարքունիքի մարզում հայկական բանակը դիմադրեց Բաքվի զինված ներխուժումների փորձերին, որոնք սկսել են մայիսի 12-ին եւ նպատակ ունեն Հայաստանին հարկադրել «դեմարկացիոն եւ խաղաղության» պայմանագրերին: Հուլիսի լույս 28-ի իրադարձությունները ցրեցին վերջին կասկածները, եթե այդպիսիք մնացել էին. հայկական բանակի հակահարվածից հետո Մոսկվայի ու Բաքվի արձագանքներն այդ հարկադրանքի վկայությունն են:
Սակայն սա միակ արդյունքը չէ: Հայաստանին պարտադրվող պայմանագրերի հարցում Հայաստանում եզակի համընդհանուր մոտեցում է ձեւավորվել. դրանց նպատակը «Ադրբեջան» կոչվող պետության լեգիտիմացման, Արցախի հարցը փակելու, Հայաստանի միջազգային մեկուսացումն ու ինքնիշխանությունը սահմանափակելու փաստաթղթեր են: Դրանք արդեն իսկ անօրինական են ոչ միայն միջազգային իրավունքի տեսակետից առոչինչ եռակողմ համաձայնությունների, այլեւ պարտադրանքի հանգամանքի ուժով: Իսկ պարտադրանքի փաստը վերջնականապես արձանագրվեց հայկական բանակի հակահարվածով ու ՊՆ եւ ԱԳՆ հայտարարություններով:
Հուլիսի լույս 28-ի իրադարձություններից հետո իրավիճակը քննարկման առարկա դարձավ ՌԴ Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական աջակցությունը դադարեցնելու նախագիծը, իսկ Պետական դեպարտամենտը հայտարարություն տարածեց, որով կողմերին կոչ է անում վերադառնալ Մինսկի խմբում առարկայական բանակցությունների՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։
Հայկական բանակի հակահարվածի էֆեկտն այսքանով չի սահմանափակվում, սակայն առավել կարեւոր է, որ հայկական քաղաքական դասը, մեդիա-փորձագիտական շրջանակներն ինչպես պարտադրվող պայմանագրերի, այնպես էլ այլ հարցերում ունենան համարժեք գնահատականներ ու մոտեցումներ՝ հակահայ ծրագրերին դիմադրելու եւ կառավարության հնարավոր դավադիր քայլերը թույլ չտալու համար: