Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ Հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը, որը «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության», հայտնում է ԵՄ-ում Հայաստանի առաքելությունը։
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունում են մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և երախտագիտությամբ նշում են Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։
Խորհրդարանը կոչ է անում արագորեն իրականացնել հատուկ ներկայացուցիչների ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպիսիք են երկու երկրների օդային տարածքի և սահմանի բացումը։
Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով ևս մեկ անգամ հորդորում են Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և պահպանել Թուրքիայում առկա հայկական մշակութային ժառանգությունը։
Եվրախորհրդարանը խրախուսում է Թուրքիային լիովին հարգել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները: