Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել է, որ անցած գիշեր քաղաքը ենթարկվել է պատերազմի մեկնարկից ի վեր ամենալայնածավալ հարվածների, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ «Հարավ» հրամանատարությունը հայտնել էր Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքի և արդյունաբերական ձեռնարկության վնասվելու մասին: 

Տեղեկություններ են հրապարակվել նաև Օդեսա քաղաքում հնչած պայթյունների մասին: ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում ռազմական օբյեկտներ խոցելու մասին՝ որպես «վրեժի գործողություն»: Ըստ գերատեսչության՝ հենց խոցված օբյեկտներում են նախագծվել և պատրաստվել Ղրիմի կամրջի պայթյունի մեջ ներգրավված ինքնակառավարվող մոտորանավակները և ջրային դրոնները: 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օդեսայի պայթյուններից հետո հանձնարարել է ուժեղացնել նավահանգստային ենթակառուցվածքների անվտանգությունը: 

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ի գիշերը ռուսական կողմը հետ է մղել անօդաչու թռչող սարքերի մեծ հարձակումը Ղրիմի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«17 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, ևս 11 անօդաչու թռչող սարքեր խոցվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, առանց թիրախին հասնելու դրանք կործանվել են»,- հավելել է գերատեսչությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն