Քրիստոնյա հայերին ինտեգրելու փոխարեն Ադրբեջանը սպանում է նրանց․ Մարուքյան
Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առջև, Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը՝ վկայակոչելով Ադրբեջանի այն պնդումը, թե իրենք ցանկանում են ինտեգրել Լեռնային Ղարաբաղի հայերին, նշել է, որ միջազգային հանրությունն այդ առիթով Ադրբեջանից պահանջել է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել և ուղիղ բանակցություններ սկսել ԼՂ հայերի ներկայացուցիչների հետ, ներդնել միջազգային մեխանիզմ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքներով։
«Քրիստոնյա հայերին ինտեգրելու փոխարեն Ադրբեջանը սպանում է նրանց՝ կազմակերպելով տարբեր դիվերսիոն գործողություններ, հետո ոչնչացնում քրիստոնեական եկեղեցիներն ու քրիստոնեական ժառանգության հուշարձանները, հետևաբար Ադրբեջանը քրիստոնյա հայերին ինտեգրելու ծրագիր չունի։ Ավելին, շուրջ 7 ամիս դադարեցրել է գազամատակարարումն ու էլեկտրաէներգիան, շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, արդեն արձանագրվել են սովի պատճառով երեխաների մահանալու դեպքեր»,- նշել է Մարուքյանը։
Նման քայլերով, Մարուքյանի խոսքով, Ադրբեջանը կատարում է միջազգային քրեական հանցագործություն՝ բոլորին հասկացնելով, որ վստահություն ստեղծելու միջոցներ չի ձեռնարկում։