7or.am-ը գրում է.  Նիկոլ Փաշինյանի անվան կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին, ինչպես հայտնի է, հաստատեց սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններինախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ այնմ, առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվել օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը:

Դե, «նախընտրական քարոզչության» ժամանակահատվածը զուտ պայմանական պարագա է, քանի որ Նիկոլ Փաշինյանի Տիգրան Ավինյանի համար այդ ժամանակահատվածը վաղո՜ւց մեկնարկած է: Ասենք, ձևականորեն ոչ իշխանական ներկայացող, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի շահերն սպասարկող որոշ «ապրումակցող» թեկնածուների համար ևս նախընտրական շրջանը մեկնարկել է շատ ավելի վաղ: Բայց դրանք մանր հարցեր են:

Հիմնական հարցը այլ է` իսկ ընդդիմությունը մասնակցի՞, թե՞ չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Կա տեսակետ, որ այդ ընտրություններին չարժե մասնակցել, քանզի դա համապետական բնույթ չունի. պետք է կենտրոնանալ այլ հարցերի, մասնավորապես՝ իշխանափոխության խնդրի վրա: Սակայն առկա իրողությունների պայմաններում այդ կենտրոնանալու պահը բավականին խնդրահարույց է թվում: Կա նաև տեսակետ, որ կարելի է Երևանի ընտրություններն օգտագործել որպես իշխանափոխության գնալու միջոց:

Ամեն դեպքում, Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական խոշոր գործընթաց է: Ըստ որում, Երևանն այսօր Հայաստանի կեսն է, եթե ոչ՝ կեսից ավելին՝ բնակչության պահով և առավելևս քաղաքական ազդեցությամբ: Եվ, եթե դու չես մասնակցում այդ ընտրություններին, ապա ինքդ քեզ անտեղի դուրս ես դնում քաղաքական գործընթացից: Ավելին, դաշտը թողնում ես բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սպասարկուներին:

Դիտարկենք մասնակցության պահը: Ինքնին, ընտրություններին մասնակցելը ենթադրում է քաղաքական ակտիվություն, քարոզարշավ, փողոցային գործընթաց և այլն: Նաև՝ մամուլի բոլոր, այդ թվում՝ իշխանական լրատվամիջոցներն օգտագործելու հնարավորություն:

Մյուս կողմից, մասնակցել՝ մասնակցելու համար նույնպես իմաստ չունի: Այստեղ կարևոր է հստակեցնել, թե ինչպես մասնակցել, ի՛նչ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, ի՞նչ նպատակադրումներով:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել, մեր կարծիքով, պետք է այն նախապայմանով, որ իրական ընդդիմադիր ուժերը հանդես կգան միասնական կամ՝ համաձայնեցված ու համատեղ համակարգվող կերպով: Հիմնական նպատակը, որով արժե մտնել Երևանի ավագանու ընտրությունների թոհուբոհի մեջ, բնականաբար, չպետք է լինի Երևանի ավագանու կազմում հայտնվելը: Հիմնական նպատակը պետք է լինի Երևանի ավագանու ընտրությունները որպես իշխանափոխության առիթ օգտագործելը՝ Նիկոլ Փաշինյանի հակահայ ռեժիմից երկիրն ազատել-ազատագրելը:

Ավելին, Երևանի ավագանու ընտրությունները նաև լավ առիթ են, դրանց մասնակցելու դեպքում, հետընտրական փողոցային ակտիվ զարգացումներ գեներացնելուհամար:

Եթե միասնաբար որոշվի այս կոնտեքստում մասնակցել այդ «ընտրություններին», կարծում ենք՝ հնարավոր է նախ, հասնել որոշակի ակտիվության, ապա ընդհանրապես ձևավորել իշխանությունների համար անկառավարելի իրավիճակ և վերջապես ազատվել Նիկոլ Փաշինյանից ու նրա ապիկար իշխանությունից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն