ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Շառլ Միշելի կողմից Աղդամը որպես Լաչինի միջանցքին այլընտրանք նկատելը:

 Այս մասին ասված է հայտարարության մեջ․

«Որպես համաեվրոպական հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է Եվրոպայում հայկական սփյուռքի զգալի մասը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Գրասենյակն իր խորը հիասթափությունն ու վրդովմունքն է հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  վերջին հայտարարության առնչությամբ` Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումից հետո, 2023 թ․ հուլիսի 15-ին:

Շառլ Միշելի այն մոտեցումը, ըստ որի` Աղդամից Արցախ «մարդասիրական» մատակարարումներ իրականացնելու ադրբեջանական պայմանը հավասարեցվում է Լաչինի միջանցքի բացման կարևորագույն խնդրին, մեծ սխալ է։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դատապարտում ենք նախագահ Միշելի աջակցությունn ադրբեջանական օրակարգին, այն է՝ օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը որպես Արցախահայությանն այսպես կոչված «մարդասիրական օգնություն» տրամադրելու ուղի․ այն հայ բնակչությանը, որին Ադրբեջանը, ահաբեկելով և շրջափակման մեջ պահելով, ավելի քան յոթ ամիս փորձում է մատնել սովի։  Ադրբեջանը փաստացի աստիճանաբար սեղմում է Արցախի բնակչության շուրջ մահաբեր օղակը՝ շարունակ մղելով հուսահատության ։

Եվրոպական խորհրդի նախագահը, արտահայտելով ԵՄ աջակցությունն ադրբեջանական օրակարգին, ոչ միայն օրինականացնում է ավտորիտար ռեժիմի էթնիկ զտումների քաղաքականությունը, այլև հակասության մեջ է մտնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հետ, որով Ադրբեջանին հանձնարարվել էր անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս հայտարարությունը նաև անտեսում է 2023 թվականի մարտին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, եթե Ադրբեջանն անհապաղ չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանը: ԵՄ ղեկավարության այս մոտեցումը թույլ է տալիս Բաքվին խուսափել ճնշումներից Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հուլիսի 15-ին Շառլ Միշելի մամուլի հայտարարություններում կան այլ խիստ խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝  նրա կողմից «Ղարաբաղ» տերմինի օգտագործումը «Լեռնային Ղարաբաղ»-ի փոխարեն, ինչը քաղաքական նշանակություն և աշխարհագրական հստակ սահմաններ ունեցող տարածք է: Բացի այդ, նա խուսափում է պատշաճ կերպով անդրադառնալ 120.000 խաղաղ բնակիչների աղետալի հումանիտար իրավիճակին, չի շեշտում Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության առաջ, չի անդրադառնում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային երաշխիքների անհրաժեշտությանը, ինչպես գերիների վերադարձի կարևորությանը:

Հուլիսի 14-ին, եռակողմ հանդիպմանն ընդառաջ, եվրոպական 470 կազմակերպություններ՝ ներառյալ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը, բաց նամակով դիմել են նախագահ Միշելին՝ վեց կոնկրետ պահանջներով, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի հիմնարար և անձեռնմխելի իրավունքների պաշտպանությանը։ Թեև մենք երախտապարտ ենք հաստատված հաղորդակցության համար, որպես ԵՄ քաղաքացիներ հույս ունեինք, որ դա կբերի կոնկրետ արդյունքների։ Ավաղ, մամուլի հայտարարության բովանդակությունը հակառակն է ապացուցում։

Խաղաղության համար միջնորդությունը չի կարող հիմնված լինել պատերազմում պարտված կողմին շարունակական զիջումներ պարտադրելու տրամաբանության վրա՝ միաժամանակ դանդաղորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը։ Այս մոտեցումը ԵՄ-ին դարձնում է Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մեղսակից։ Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում ԵՄ ղեկավարությանն անհապաղ դադարեցնել նմանաբնույթ մոտեցումները, քանի որ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են բանակցային գործընթացում, կրում են ուղղակի պատասխանատվություն արդյունքների համար։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը Շառլ Միշելին կոչ է անում վերանայել իր հայտարարությունը՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքները։ Առանց համապատասխան վերանայման  նախագահ Միշելի միջնորդական ջանքերը կողմնակալ են: Մենք դեռևս հույս ունենք, որ արդարության ձայնը լսելի կլինի, և որ մարդու արժանապատվությանն ու իրավունքներին հավատարմությունը Եվրամիության համար դատարկ սկզբունք չէ, որով վերջինս առաջնորդվում է, երբ այն համընկնում է իր քաղաքական շահերի հետ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն