Արցախում կինն ուշագնաց է եղել թերսնման պատճառով
Համացանցում այսօր տարածվել է լուսանկար, որտեղ պատկերված կինն ուշագնաց է եղել թերսնման պատճառով։ Նման դեպքեր վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած տեղեկագրի՝ 222-օրյա շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը, բանջարեղենի և մրգի պակասը Արցախի բնակչության շրջանում առաջ է բերել առողջական լուրջ խնդիրներ։
Արցախի խանութների ցուցափողկերը դատարկ են։ Հերթեր են հիմնականում կաթնամթերքի արտադրամասի դիմաց: Վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասն արդեն չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են հենց տեղում: Վերջին օրերին նույն պատկերն է նաև հացի արտադրամասերի հարևանությամբ:
Որ գյուղերն առանց հացի չմնան․ արցախցի Հայկն իր թխած հացը տնետուն է տանում
Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից: Հաշվի առնելով սննդամթերքի սղությունը ՝ Արցախում հունվարի 20-ից գործում է հատուկ կտրոնային համակարգ, որի շրջանակներում սահմանափակ ծավալով վաճառվում են՝ մակարոնեղեն, հնդկաձավար, բրինձ, շաքարավազ, ձեթ, միրգ, բանջարեղեն, ձու, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքատեսակներից՝ վառելիք ու լվացքի փոշի, իսկ հունիսի 15-ից նշված ապրանքներից ոչ մեկի մատակարարում տեղի չի ունեցել ընդհանրապես:
Շրջափակման հարուցած հումանիտար ճգնաժամն էլ ավելի սրելու նպատակով Ադրբեջանը թիրախավորել է նաև Արցախի քաղաքացիական կենսական ենթակառուցվածքները՝ հունվարի 9-ից ամբողջությամբ անջատելով Հայաստանից-Արցախ էլեկտրամատակարարումը, ինչպես նաև շրջափակման սկզբից պարբերաբար, իսկ մարտի 21-ից վերջնականապես խափանելով միակ գազամատակարարումը Հայաստանից: Հուլիսի 8-ին Ադրբեջանը անսպասելի կերպով վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը և ժամեր հետո նորից ընդհատել այն: Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի ներքին արտադրության ծավալները շատ ավելի քիչ են, քան՝ սպառումը, իսկ Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն էլ գնալով նվազում են՝ հունվարի 10-ից Հանրապետությունն անցել է օրական 6-ժամյա հովհարային անջատումների։
Հղիության մասին իմացա շրջափակումից 2 օր առաջ․ Արցախում ճգնաժամը սրվում է, բայց ծնունդները չեն նվազում