«Թումո» ակադեմիան հայտարարում է ընդունելություն
Նոր մասնագիտություն ձեռք բերելու և աշխատանքի անցնելու հնարավորություն է ստեղծվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում. «Թումո» ակադեմիայում մեկնարկել է հայտերի ընդունման երկրորդ փուլը:
Ինչպես տեղեկացրին «Թումո»-ից, 2023-ի ապրիլին իր գործունեությունը սկսած «Թումո» ակադեմիան հայտարարում է հայտերի ընդունման երկրորդ փուլի մասին: Վեցամսյա ծրագրին կարող են դիմել 21 տարեկանը լրացած այն անձինք, որոնք ցանկանում են ստանալ նոր մասնագիտություն հետևյալ ոլորտներից որևէ մեկում` երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, ստեղծագրություն, և հետագայում աշխատել որպես դասընթացավար Երևանի, Գյումրու, Դիլիջանի կամ Կապանի «Թումո» կենտրոններում:
Ըստ աղբյուրի՝ ծրագիրը բաղկացած է երկու փուլից` ուսուցում (տևողությունը` երեք ամիս) և պրակտիկա (տևողությունը` երեք ամիս): Եռամսյա ինտենսիվ ուսուցման փուլում, որը կանցկացվի «Թումո Երևան»-ում, մասնակիցներին կտրամադրվի կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով, ինչպես նաև կացարան, եթե նրանք մարզերից են: Վճարովի պրակտիկան մասնակիցները կանցնեն` դասավանդելով կամ «Թումո Երևան»-ում, կամ այն մարզային կենտրոնում, որում հետագայում ցանկանում են աշխատել: Հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ:
Նշվում է, որ «Թումո Ակադեմիա» դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը academy.tumo.org կայքում` մինչև 2023-ի օգոստոսի 25-ը: