Ամառը համարվում է սուր վարակիչ հիվանդությունների շրջան: Էնտերովիրուսային հիվանդությունների պատճառ կարող են լինել լավ չլվացված միրգը և բանջարեղենը, կասկածելի ծագման սնունդը: Վարակի տարածումից խուսափելու առաջին պայմանը անձնական հիգիենայի պահպանումն է:

Հայաստանում այս տարի սուր վարակիչ հիվանդությունների կամ այլ կերպ էնտերովիրուսների ուղղությամբ իրականացվել է 174 հետազոտություն, որից 34-ը դրական է եղել: Ընդհանուր թվի 11 դեպքն արձանագրվել է առաջին հինգ ամիսներին, իսկ 23-ը՝ հենց հունիսին: Մասնագետների խոսքով՝ հատկապես ամռանը հիվանդության նման ակտիվացումը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացումով: Բնութագրվում է տենդով, կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով:

Արևիկ Կարապետյան (ՀՀ ԱՆ ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստ) - Հնարավոր է նաև ափերի, ներբանների և բերանային հատվածում ցանի առկայոթյուն, որն ուղեկցվում է ջերմության բարձրացումով: Ցանը առկա է ինչպես մաշկում, այնպես էլ լորձաթաղանթներում, որը դժվարացնում է սննդի և հեղուկի ընդունումը երեխաների շրջանում:

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են ջրային, սննդային, օդակաթիլային ճանապարհներով: Գաղտնի շրջանը 1-10-ը օր է: Մեծամասամբ այս տիպի վարակներն ընթանում են առանց ախտանիշի:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Ունի մի շատ հետաքրքիր առանձնահատկություն, որ շատ դեպքերում մարդիկ կարող են լինել վիրուսակիր, այսինքն՝ չունենան ախտանշաններ, բայց միևնույն ժամանակ լինեն վարակիչ և վարակեն այլ անձանց:

Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները` հաճախ լվացվել, օդափոխել և խոնավ մաքրել բնակարանը, չօգտագործել կասկածելի ջուր:

Ռոմելլա Աբովյան - Շատ կարևոր է միրգ և բանջարեղենը երկուսից երեք րոպե հոսող ջրի տակ լվանալ, նոր օգտագործել սննդում: Նաև պետք է խուսափել պատահական սննդի կետերից սնունդ օգտագործելուց՝ հնարավորինս զերծ մնալու վարակի առաջացումից:

Էնտերովիրուսային հիվանդությունների առավել մեծ ռիսկի խմբում երեխաներն են:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն