Ապաստարանների թեման արդիական դարձավ Արցախում մարտական գործողությունների ժամանակ։ 44-օրյա պատերազմն ստիպեց, որ մարդիկ ավելի շատ մտահոգվեն պարզագույն թաքստոցների բացակայությամբ։ Այսօր հանրապետության գրեթե բոլոր մարզերում թաքստոցների խնդիրը արդիական է։ Մեր թղթակիցը եղել է Գեղարքունիքի մարզում։ Աիդա Ավետիսյանը փորձել է պարզել սահմանամերձ բնակավայրերի ապաստարանների վիճակը։

Սոթքի երեխաների համար խաղաղությունն այս պայմաններում միակ երազանքն է։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, թեև վախեցած են, գյուղից հեռանալ չեն ցանկանում։ Մի քանի օրով Վարդենիսում մնալուց հետո փոքրիկ Միլան ծնողներին խնդրել է նորից իրենց գյուղ վերադառնալ․

«Հենց կրակոցներ են լինում գնում ենք Վարդենիս։ Այնտեղ էլ է լավ, լիքը սիրուն խանութներ կան, բայց երկար չեմ կարողանում մնամ։ Սոթքը կարոտում եմ»

Մանկապարտեզում գտնվելու ժամերին երեխաները կրակոցների ձայներ երբեք չեն լսել։ Թշնամու սադրանքները հիմնականում երեկոյան ժամերին են եղել։ Սոթքի երեխաներն արդեն գիտեն՝ ինչ անեն կրակոցներ լսելիս․

«Մի անգամ Անժելիկայենց բակում խաղում էինք, մեկ էլ տենամ կրակոց է։ Վախեցա ու փախա։ Որ ձայներ եմ լսում մտնում եմ սեղանի տակ։ Մի անգամ էլ կրակոցից մեր բակի ծորակը կոտրվեց»։

Մանկապարտեզում էլ գիտեն ինչպես շեղել երեխաների ուշադրությունը կրակոցների դեպքում։ Այս հարցում էլ են հմտանալ սահմանամերձ Սոթքում։  Մանկապարտեզի դաստիարակն առաջինն իր վախերը կոծկելով է շեղում երեխաների ուշադրությունը․

«Մանկապարտեզում այդ ժամանակ մենք հիմնականում տրվում ենք խաղերին։ Թույլ ենք տալիս, որ նույնիսկ երեխաների ձայնը բարձր լինի, որովհետև չենք ցանկանում այդ ձայներից տագնապ լինի։

Բայց հակառակը, երեխաներն են ինձ հանգստացնում, ասում են ընկեր Տաթևիկ դա մեր զինվորներն են։ Մի քիչ աղմկոտ խաղեր ենք խաղում»։



Պաշտպանական կառույցների ստեղծումն 2020-ից հետոո ամբողջ հանրապետությունում դարձել է օրհախնդիր։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ բնակավայրերում 20 պաշտպանական շինություն է կառուցվել «Պահապան» հիմնադրամի կողմից։ Ծրագիրն սկսվել է 2017 թ-ից, և 3-4 տարում Տավուշի սահմանի երկայնքով՝ Բերդից մինչև Բերդավան գյուղը 13 մանկապարտեզի ու դպրոցի տարածքում թաքստոցներ են կառուցվել: Որոշ մանկապարտեզների ու դպրոցների նկուղներ նույնպես հարմարեցվել են պաշտպանության չափանիշերին։ 2020 թ․ հուլիսյան մարտերից սկսած «Պահապանը» Տավուշի մարզում սկսել է ստեղծել ամրացված ստորգետնյա թաքստոցներ, որոնք նորույթ են Հայաստանում, քանի որ դրանցում կիրառվում է ռազմական մոդելը, Դրանք մոնտաժվում են տեղում, մեկ շաբաթվա ընթացքում։ «Պահապանը» հայտեր է ստացել նաև այլ մարզերից։

Փորձում ենք հասկանալ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի թաքստոցների վիճակը։ Սակայն այդ մասին տեղեկությունները շատ սահմանափակ են տրվում։ Ոչ թվաքանակի, ոչ էլ վիճակի մասին հստակ տվյալներ չհաջողվեց ստանալ։ Վարդենիս խոշորացված համայնքի փոխհամայնքապետ Կարեն Մկրտչյանը միայն ասաց, որ բոլոր կարևոր շինություններն ունեն ապաստարաններ։ 2022 թվականին համայնքի ապաստարանները մաքրվել են, էլեկտրաէներգիա է անցկացվել, տեղադրվել են նստարաններ։ Նկուղ հիշեցնող մի ապաստարանում մտանք։ Խոնավ, անօդ տարածության մեջ երկար մնալ հնարավոր չէր։ Փոխհամայնքապետը վստահեցրեց, որ այն այս տարի վերանորոգվելու է․

«Գոյություն ունեցող թաքստոցներում էլ կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ Փորձում ենք թաքստոցները բերել պատշաճ տեսքի։ Մենք այն իրավիճակում ենք գտնվում, որ մեզ հարկավոր է նորմալ վիճակով ունենանք թաքստոցներ։ Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ շատ պետք եկան թաքստոցները»։

Հիմնադրամների միջոցներով կառուցված, վերանորոգված թաքստոցներից բացի, որոշ հատվածներում նախատեսում են սուբվենցիոն ծրագրերով կառուցել ապաստարանները։ Սրա համար նախատեսվել է 110 մլն դրամ, որից համայնքի մասնաբաժինը 40 մլն է։

Այժմ շենքերում ապաստարան, թաքստոց ունենալը շինարարական պարտադիր պահանջ է։ Համայքնում կառուցվող շինությունները, հիմնանորոգվող յուրաքանչյուր դպրոց, մանկապարտեզ, պարտադիր պետք է ունենա չափանիշներին համապատասխան ապաստարաններ։ 

Սոթքը թաքստոց ունեցող համայնքներից է։ Համայնքապետ Սևակ Խաչատրյանի հետ շրջում ենք գյուղում։ Ամենուր գնդակոծության հետքեր են։ Հիմա աշխատում են դրանք վերացնել․

«Գյուղն ունի տարհանման պլան և ըստ այդ պլանի իրականացվում է տարհանումը։ Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ քաղած դասերից, հաջորդիվ ավելի արագ ու ճշգրիտ կիրականացնենք տարհանումը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ամենօրյա ռեժիմով համայնքի ղեկավարի հետ խորհրդակցությունների ընթացքում արվում է»։

Թաքստոցներից բացի, կարևոր է նաև տագնապի ազդանշանները ճիշտ հասկանալն ու դրանց արձագանքելը, խուճապի չմատնվելը։ Սա ևս խնդիր է, որ հրատապ լուծում է պահանջում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն