Չինաստանը չի բորբոքում ուկրաինական հակամարտությունը զենքի մատակարարումներով. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը, ի տարբերություն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների, զենք չի մատակարարում Ուկրաինային և դրանով իսկ «կրակի վրա յուղ չի լցնում» հակամարտության ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, տեղեկացնում է ТАСС-ը։
«Ինչ վերաբերում է զենքի արտահանմանը, ապա չինական կողմը միշտ զգուշավոր և պատասխանատու դիրքորոշում է ցուցաբերել այս հարցում, ինչը բոլորովին տարբերվում է կրակի վրա յուղ լցնող ՆԱՏՕ-ի երկրների գործողություններից»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին, թե, ըստ Փարիզի տվյալների, Չինաստանը Ռուսաստանին որոշ սարքավորումներ է մատակարարում, որոնք, իբր, կարող են օգտագործվել Ուկրաինայում պատերազմի ժամանակ:
Մաո Նինը պարզաբանել է, որ Պեկինը խստորեն պահպանում է միջազգային իրավունքը և կատարում է իր պարտավորությունները միջազգային հանրության առաջ։ «Չինաստանն ուկրաինական ճգնաժամի նախաձեռնողը չէ: Մենք մշտապես զբաղեցրել ենք օբյեկտիվ և արդար դիրքորոշում՝ ակտիվ աջակցություն ցուցաբերելով խաղաղ գործընթացին և բանակցություններին»,- եզրափակել է դիվանագետը: