ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին
Հայաստանում դոկտորական կրթության զարգացման համար հայեցակարգային ուղղությունների և լուծումների առաջադրման նպատակով ստեղծվել են հինգ աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները բաժանվել են հետևյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության երրորvդ մակարդակի ընդունելություն, կրթության և հետազոտության կազմակերպում, աստիճանաշնորհում, բուհ/գիտահետազոտական կազմակերպություն-արդյունաբերություն կապ:
Նախագծում ներգրավված բոլոր հաստատությունների առավելագույն մասնակցությունը և մասնակցային բարեփոխումներն ապահովելու համար վերոնշյալ աշխատանքային խմբերում ներգրավվել են ծրագրի անդամ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերից, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ քննարկմամբ կամբողջացնեն հայեցակարգի վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի նկատառումները:
Որպես առանցքային խնդիր՝ քննարկվել է PHD-ի հետկանչման մեխանիզմը: ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ներկայացմամբ՝ ուղիղ մեխանիզմ դեռևս չկա, բայց կա իրավական տեսանկյունից այդ ամենն անելու փորձ: Նա առաջարկել է ՌԴ-ում ներդրած մեխանիզմն ուսումնասիրել և հասկանալ հետագա անելիքը: Ըստ կողմերի եզրակացության՝ պետք է հայեցակարգում ամրագրել PHD-ի հետկանչման մեխանիզմի անհրաժեշտությունը՝ ապագայում մոտեցումներն ու քայլերը հստակեցնելու հեռանկարով:
Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև կրթական երրորդ մակարդակում հետազոտողի դիպլոմի անհրաժեշտությանը. «PHD-ն՝ որպես կրթական երրորդ մակարդակ, ամփոփվում է գիտական աստիճանի շնորհմամբ. արդյո՞ք անհրաժեշտություն չկա ասպիրանտական կրթական համակարգն ավարտողին տալ հետազոտողի դիպլոմ, թե՞ պետք է սահմանափակվել գիտական աստիճանով»:
Ըստ մասնակիցների՝ նշյալ փատաթուղթը կարող է փոխարինվել նաև վկայականով կամ տեղեկանքով:
Կարևորվել է գիտական հետազոտություն կատարողների արդյունավետության ապահովումը: Ինչպես Կ. Թռչունյանն է ներկայացրել, պաշտպանողների թիվը չի գերազանցում 40 տոկոսը. «Ստացվում է՝ պետական ֆինանսավորումն օգտագործվում է ոչ արդյունավետ: Պետք է հստակեցնել՝ բուհերը պատասխանատվություն կրո՞ւմ են, ներսում վերլուծություններ անու՞մ են, թե՞ ոչ»:
Աշխատանքային խմբերի ներկայացուցիչների խոսքով՝ հայեցակարգում ներառել են մշտադիտարկման մեխանիզմների անհրաժեշտությունը, որը ենթադրում է՝ բուհը պետք է հաշվետու լինի:
Մեկ այլ կարևոր հարց, որը ևս բարձրացվել է, դոկտորական կրթության համար «Doctor school» կամ ֆակուլտետ ունենալու անհրաժեշտության քննարկումն էր: Որպես տարբերակ՝ քննարկվել է որևէ բուհի կամ բուհերի պատվիրակել, որպեսզի իրականացնեն դոկտորական կրթություն. բուհերին տալ որոշակի դասակարգում, եթե բավարարում են այսինչ պահանջներին, տրվի PHD ընդունելու իրավունք:
Ըստ աշխատանքային խմբի՝ հայեցակարգում ավելացվել է սյունակ՝ հայտերում գիտական ղեկավարի մասին տեղեկատվության վերաբերյալ: Առաջարկվում է նաև վերանայել մասնագիտական քննության ձևաչափը:
Քննարկվել են նաև գիտական հետազոտության ֆինանսավորման մեխանիզմները, այս կրթական ծրագրին լծորդված Պն-ի տարկետման խնդիրը, որը կարող է խոչընդոտել գործընթացը:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ