Արցախը մենք ենք. բողոքի ու իրազեկման ակցիաներ Երևանում
Վաղ առավոտից Երևանում բողոքի ու իրազեկման տարբեր ակցիաներ են ՝ ի պաշտպանություն Արցախի։ Քաղաքացիները մի քանի փողոց են փակել՝ ռուսերեն և անգլերեն պաստառներով կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը, բացել կյանքի ճանապարհն ու ոչ ասել կեղծ հումանիզմին։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել երեկոյան 7-ին միանալ իրենց՝ Մյասնիկյանի արձանի մոտ հրավիրված հանրահավաքի ժամանակ։
Նաև իրազեկել են վաղը նախատեսվող հանրահավաքի մասին։ Արցախի պետնախարարն էր երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել, որ հուլիսի 25-ին համաժամանակյա հանրահավաքներ են նախատեսվում Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում։
«Արցախ, քեզ հետ ենք»։
«Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը մենք ենք»․ շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն այս վանկարկումներով ու այս գրություններով պաստառներով առավոտյան նախ փակել են Բաղրամյան պողոտան, ավելի ուշ նաև Աբովյան-Թումանյան խաչմերուկը, տարբեր վայրերում՝ մի քանի այլ փողոցներ ևս։
«Ասում են հիվանդ կա ավտոյում՝ հիվանդին թողեք գնա, ես էլ ասում եմ՝ Արցախում 120 հազար հիվանդ կա՝ մտածու՞մ եք դրա մասին։ Որ սոված է ժողովուրդը, դուք մտածո՞ւմ եք այդ մասին։ Ամեն օր հացի պատառը կուլ տալիս մտածեք, որ 120 հազար ունենք սովի մատնված»։
Ի պաշտպանություն Արցախի անցկացվող ակցիայի մասնակիցները մի քանի փողոցներ փակել են կես ժամից էլ քիչ ժամանակահատվածով։ Կազմակերպիչները շեշտել են, որ իրենց նպատակը քաղաքը պարալիզացնելը չէ, այլ մարդկանց իրազեկելն ու սթափեցնելը։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել քաղաքացիներին միանալ վաղը կայանալիք հանրահավաքին։ Մինչ այդ ՄԱԿ-ի գրասենյակի առջև շարունակվել է նախորդ շաբաթվանից մեկնարկած ակցիան։
«Այս շարժումը հենց նրա համար է, որ կյանքի ճանապարհը բացվի։ Պայքարը նրա համար է, որ տեսանելի դառնա և անխուսափելի դառնա միջազգային կառույցների, պատասխանատու կառույցների կողմից այս փաստն ընդունելը և դրա նկատմամբ քայլեր ձեռնարկելը»։
ՄԱԿ-ի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները շարունակում են կոչ անել կառույցին, որ հավաքված պարենն իր խողովակներով հասցնի Արցախ։ Այդ նպատակով քաղաքացիներն ամեն օր պարենի նոր խմբաքանակներ բերում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Մարդիկ մտահոգ են՝ հաճախ նշվում է, որ ՄԱԿ-ը չի կարող քայլեր ձեռնարկել առանց պետության ուղիղ հայցի կամ դիմումի։ Ակցիայի կազմակերպիչները պարզաբանում են, որ այդ ուղղությամբ ևս հետևողական աշխատանք տանում են. օրեր առաջ դիմել են Հայաստանի ԱԳՆ-ին.
«Այսօր վերջապես պատասխանատուներից մեկն արձագանքել է՝ գրի է առել այս ամբողջ տվյալներն ու քաղաքացիների պահանջը։ Ուզում եմ ասել, որ այդ առումով հետևողական աշխատանք կա նաև պետական կառույցների հետ՝ բոլոր խողովակները աշխատեցնելու պահանջով։ Կոչ ենք անում՝ ով այս նախաձեռնությունների որ օղակում կարողանում է տեսնել իր արդյունավետ մասնակցությունը, ոչնչի մի սպասեք, դուրս եկեք, մոտեցեք, միացեք։ Եկեք միավորենք մեր բոլորիս ուժերը, որովհետև ակնհայտ է, որ այս թեման շատ ավելի հնչեղ դարձավ վերջին մեկ շաբաթվա գործողությունների արդյունքում։ Պետք է սպասենք ու պետք է միահամուռ լինենք»։
1 / 6
Արցախցի երիտասարդներն էլ այսօր նամակ են հանձնել Կարմիր խաչի երևանյան գրասենյակ. պահանջել են, որ կառույցի միջոցով հումանիտար օգնություն հասնի ադրբեջանական բլոկադայի մեջ մնացած իրենց ծնողներին, հարազատներին, ընկերներին։ Նամակը մարդասիրական կազմակերպության աշխատակցին փոխանցելուց հետո երիտասարդները 10 րոպեով փակ են պահել Կոմիտասի պողոտայի մի քանի խաչմերուկ։
«Կարճ տևեց ոչ թե նրա համար, որ մենք ի վիճակի չէինք ավելի երկար այստեղ նստելու, այլ այն պատճառով, որ խաղաղ իրազեկման ակցիաները ժամանակի պահանջ չունեն։ Այսինքն, մենք կարող ենք ընդամենը 5 րոպեով էլ փակել ճանապարհը՝ կոնկրետ այդ տարածքով այդ պահին անցնող մարդկանց զուտ իրազեկելու համար այն աղետի մասին, որն այս պահին տիրում է Արցախում և որին, ցավոք սրտի, անտեղյակ է մեր հանրությունը»։
Հանրային իրազեկման ակցիայի մասնակիցները կարծում են, որ այդպիսով նաև ակցիան պետք է ճնշման գործիք դառնա հասարակության վրա.
«Որպեսզի հասարակությունը վերջապես արթնանա և այն մարդիկ, որոնք գնում են Մյասնիկյանի արձանի մոտ կամ Ազատության հրապարակ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, քիչ չլինեն։ Այդ մարդիկ ոչ թե հինգ հազար, այլ 120 հազար պլյուս, ոչ թե 5 հազար, այլ՝ 50 հազար լինեն։ Այսինքն՝ մեր նպատակը հենց դա է, որ մարդիկ տեղյակ լինեն ու գան, միանան մեր համաժողովրդական շարժմանը»։
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն է ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ տեղեկացրել, որ հուլիսի 25-ին՝ ժամը 20-ին, Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում կկայանան համաժամանակյա հանրահավաքներ:
«Համաժողովրդական շարժման մասնակիցները մեծ էկրաններով օնլայն ռեժիմով կկամրջեն երկու հրապարակները՝ միավորելու բոլորիս ձայները և վերահաստատելու մեր միասնական պայքարը՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած հետնահանջի դատապարտման»:
Պետնախարարը շեշտել է, որ Արցախում կարևորում են յուրաքանչյուրի մասնակցությունը Արցախի ու արցախցիների համար: Նա նաև կոչ է արել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրականացվող ամենատարբեր ակցիաների մասնակիցներին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համախմբվել և հավաքին միասնական մասնակցությամբ արտահայտել հայ ժողովրդի հավաքական կամքն ու Արցախի հարցում անսակարկելի դիրքորոշումը՝ Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում: