Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:
Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում ընթացիկ ու նախանշված համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը:
Ի շարունակություն ԱԳ նախարարների մակարդակով նույն օրը կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանի և Էբրահիմ Ռայիսիի ուշադրության կենտրոնում ևս եղել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը:
Նախարար Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական և թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը: