ԼՂ հարցը ՌԴ-ի համար և՛ ռեպուտացիոն խնդիր է, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական. Փաշինյան
Մեզ հայտնի բանաձևերով առաջնորդվելով՝ ԼՂ խնդիրը չենք լուծելու: Մեզ այլ բանաձևեր և դիտանկյուններ են պետք, և մենք փորձում ենք գտնել ու որդեգրել դրանք: Այդ մասին հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նախկինում սահմանվել էր բանաձև, որով Լաչինի միջանցքի անվտանգությունը և անխափան գործունեությունը վերապահվել էր Ռուսաստանին, այժն այդ բանաձևը չի աշխատում:
«Մենք պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, որ ամբողջ աշխարհը քնում-արթնանում է, ասում է՝ բա հարցը ո՞նց լուծենք Ղարաբաղի կամ Հայաստանի: Դա մեր խնդիրն է, և մենք պետք է գտնենք ձևերը լուծելու, որովհետև դա մեզ է պետք առաջին հերթին:
Իհարկե, դա չի նշանակում, որ Ռուսաստանին պետք չէ այս խնդրի լուծումը: Որովհետև, տեսեք, Ռուսաստանում կան խնդիրներ, պլյուս դրան՝ սա կոնկրետ խնդիր է Ռուսաստանի համար՝ և՛ ռեպուտացիոն խնդիր է, և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, որ ՌԴ խաղաղապահ ուժերը գտնվում են ԼՂ-ում (ասացի՝ ինչ ձևակերպմամբ), և, մեծ հաշվով, այդ առաքելությունը դրված է կասկածի տակ: Որովհետև երբ ասում ենք «հումանիտար ճգնաժամ» և երբ ասում ենք, որ մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, չէ՞, սկսած նրանից, որ պարենը կարող է այն աստիճանի սպառվել, որ պրոբլեմներ առաջանան, դա շատ մեծ խնդիր է Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով:
Նաև Միջազգային հանրության համար՝ նույն Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, չկատարումը այդ որոշման, շատ մեծ խնդիր է»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այստեղ է, որ խնդիրն ավելի է բարդանում, մանավանդ որ փլուզված աշխարհակարգի պայմաններում ենք ապրում:
«Մեզ հայտնի բանաձևերով առաջնորդվելով՝ չենք լուծելու այդ խնդիրները: Մեզ այլ բանաձևեր և այլ դիտանկյուններ են պետք: Եվ մենք փորձում ենք գտնել և որդեգրել այդ բարդ դիտանկյունները, մասնավորապես՝ տարածաշրջանի մեր հարաբերությունների կարգավորման իմաստով»,- ասաց նա: