Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա հարթակներում առաջնահերթությունները արդյոք նո՞ւյնն են: Ասուլիսի ժամանակ լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Անկախ տեղից՝ բանակցողները չեն փոխվում. Մոսկվայում է թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Բանակցում են ՀՀ-ը և Ադրբեջանը: Այս համատեքստում եմ ասում, որ բանակցություններում հաջողություն ունենալը մեզ է հարկավոր, և բանակցային լուծումների հասնելը մեզ է հարկավոր: Օրակարգը որևէ ձևով չի փոխվում, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը որևէ ձևով չի փոխվում. դրանք շարունակում են մեկը մյուսին»:

Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության և կոնֆլիկտի վրա դրա ազդեցության մասին՝ վարչապետն ասաց հետևյալը. «Ես կարծում եմ, որ որևէ տեղ հարաբերությունների որևէ լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ. չնայած, մյուս կողմից էլ, լարվածություն ասածը նույնպես չպետք է գերագնահատել, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած որոշակի տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են:

Բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ: Խնդիրն այն է, թե ինչքանով են այդ հակասությունները վերաճում կոնֆրոնտացիոն տրամաբանության: Մեր մեծագույն խնդիրը հայեցակարգային և ռազմավարական առումով այն է, որ մենք մեր պետության գոյության ամբողջ ընթացքում եղել ենք և գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը, իմ կածիքով, մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ միջազգային ազդեցության առումով: Կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ մենք, ըստ էության, չենք կարողացել և չենք կարողանալու ապահովել մեր երկարատև զարգացումը, մեր անվտանգության ապահովումը»:

Ինչ վերաբերում է Մոսկվայում կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքներին, ապա վարչապետը նշեց. «Ես արդեն ասացի, որ հանդիպումները առանձին վերցրած հանդիպումներ չեն. առանձին վերցրած հանդիպումից ակնկալիք ունենալը հենց, որ մոսկովյան հարթակն է, կամ ոչ մոսկովյան հարթակն է... Ես ակնկալիք ունեմ մեզանից՝ ՀՀ ԱԳ նախարարից, իհարկե, մյուս գործընկերներից նույնպես, որ նրանք կարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և կարողանալ ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն