Փաշինյանը՝ ԼՂ հայերին ՀՀ-ում վերաբնակեցնելու և ԼՂ-ն ՌԴ-ի կազմում ներառելու քննարկումների մասին
Չի քննարկվում ԼՂ-ի 120 հազար հայերի վերաբնակեցման հարցը ՀՀ-ում: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունը դիտարկո՞ւմ է ԼՂ 120 հազար բնակիչների վերաբնակեցումը Հայաստանում, եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների կողմից վերջիններս բռնի տեղահանվեն:
«Ո՛չ, Հայաստանի Հանրապետությունը նման հարց չի քննարկում. նկատի ունեմ, ինչպես Դուք անվանեցիք՝ «վերաբնակեցման»,- պատասխանեց նա:
ՀՀ-ն քննարկում է ԼՂ-ի հայությանը սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հարցին՝ արդյոք Հայաստանը ռուս գործընկերների հետ քննարկե՞լ է ԼՂ-ն ՌԴ-ի կազմում ներառելու հարցը, Փաշինյանը պատասխանեց, որ արձագանք չունի, որովհետև դա իրեն չի վերաբերում: «Ես նման քննարկում չեմ ունեցել երբևէ»,- ասաց նա: