«Խոսրովի անտառի» որոշ երթուղիներ փակ են զբոսաշրջային այցերի համար
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ամեն տարի՝ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ, իրականացվում է զբոսաշրջության համար թույլատրելի տարածքների և դրանցում օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում՝ սեզոնի և տարվա կտրվածքով: 2018 թվականից այցելուների անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ) փակ են զբոսաշրջային այցերի համար: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, մասնավորապես, «Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային այցերի սահմանափակումները և/կամ արգելումը բխում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության առաջնահերթություններից: Արգելոցի ստեղծման և կառավարման գլխավոր նպատակը Հայաստանում եզակի և բացառիկ լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության պահպանումն է:
«Կաքավաբերդ» տեղամասում զբոսաշրջային երթուղիների շահագործման ժամանակ հաշվի է առնվում հայկական իժի ապրելավայրերի տեղաբաշխվածությունը, ինչպես նաև սեզոնային ակտիվությունը: Նման սահմանափակումներն ուղղված են առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովմանը, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառմանը: Կաքավաբերդը և դրան հարակից տարածքները հարմար ապրելավայրեր են բեզոարյան այծերի, ինչպես նաև հազվագյուտ ու վտանգված կովկասյան ընձառյուծի պահպանության համար: Այս տեսակների պահպանումը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Հայաստանի, ինչպես նաև ողջ էկոտարածաշրջանի կարևորագույն բնապահպանական խնդիրներից մեկն է համարվում: Խոշոր գիշատիչների պահպանությունը որոշ դեպքերում պահանջում է մեծ տարածքներ, առանց մարդու ներկայություն և միջամտության, որով էլ պայմանավորվում են դեպի այս տարածքներ մուտքի թույլտվության սահմանափակումները:
2023 թվականի համար անվտանգության և արգելոցային ռեժիմի առանձնահատկություններով պայմանավորված «Կաքավաբերդ» տեղամասի որոշ երթուղիներ, այդ թվում Կաքավաբերդ ամրոցը (Գեղի բերդ), փակ են այցելությունների համար։ Սահմանափակումների կիրառումն իրականացվում է առաջին հերթին այցելուների անվտանգության ապահովման, ինչպես նաև կենդանիների բազմացման շրջանում անհանգստության գործոնի բացառման նպատակներով: Օրինակ՝ հայկական իժի սեզոնային ակտիվությունը և բեզոարյան այծերի ծնի ժամանակահատվածը , ինչպես նաև պետական արգելոցում կովկասյան ընձառյուծի մշտական բնակության հաստատման վերաբերյալ մոնիթորինգի և գիտական ուսումնասիրությունների տվյալները։
«Ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք պահպանել սահմանված կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։