Ծիլքարի գազալցակայանի մոտ տեղի ունեցած վթարից 18 անձ վիրավորվել է. հանգամանքները պարզվում են
2023թ․ հուլիսի 26-ին ժամը 18:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ միմյանց են բախվել Երևան քաղաքի բնակչի կողմից վարած՝ Երևան-Վանաձոր ուղևորափոխադրում իրականացնող «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI» մակնիշի և Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի բնակչի կողմից վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, վթարի հետևանքով «Գազ-53»-ի վարորդը և «MERCEDES-BENZ SPRINTER 313CDI>> մակնիշի 17 ուղևորներ, որոնցից 3-ը՝ անչափահաս, ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարանի բժշկական կենտրոն»:
Դեպքի առթիվ 26.07.2023թ. ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, ստուգվել են վարորդների սթափության աստիճանը, որոնք եղել են սթափ, նշանակվել են փորձաքննություններ։
Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։ Ներկա պահին բուժհաստատությունում շարունակում են գտնվել և ստացիոնար բժշկական օգնություն ստանալ 2 քաղաքացի։ Մյուսները դուրս են գրվել։
Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները կատարվում են դեպքի հանգամանքները, ավտովթարի առաջացման պատճառները պարզելու․ տրանսպորտային միջոցները վարողների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։