Ակադեմիական քաղաքում «բնակվելու են» միայն բարեփոխված բուհերը․ ինչի՞ շուրջ են բանավիճում ԿԳՄՍ–ն ու «Գիտուժը»
2029-ի տարեվերջին Հայաստանը բուհերով «բնակեցված» Ակադեմիական քաղաք կունենա․ նախնական հաշվարկով 6 տարում կառավարությունը կավարտի ավելի քան 44 հազար մարդու համար նախատեսված տարածքի կառուցապատումը։ Գործադիրն արդեն հանրային քննարկման է ներկայացրել «Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը» հաստատելու մասին նախագիծը։ Սակայն, մինչ քննարկումները, արդեն տարակուսանքներ են հնչում, թե ինչպես է հնարավոր է մեկ նախագծով լուծել կրթության ու գիտության ոլորտի բազմաթիվ խնդիրներ։
Արդյո՞ք «Ակադեմիական քաղաքը» կարող է լուծել բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի բոլոր խնդիրները․ այս հարցում մասնավորի ու պետության կարծիքները չեն համընկնում։ Կառավարության ներկայացուցիչները վստահ են՝ նոր կրթական միջավայրը բարենպաստ պայմաններ կստեղծի ոլորտային բարեփոխումների համար։ Մինչդեռ, օրինակ, «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը շեշտում է՝ միայն ֆիզիկական միջավայրը չի կարող գիտության առաջ ծառացած ու արմատացած խնդիրները լուծել։
«Խնդիրներից մեկը հենց միջավայրի բացակայությունն է, բայց միջավայր ասելով, գիտնականներն առաջին հերթին նկատի ունեն համագործակցություն։ Այո, ենթակառուցվածքները կարևոր են, բայց համագործակցությունը ամենակարևորն է։ Այս նախագիծը այնպիսի պարտադրանքով ու գործիքակազմերով է «փակցվում» գիտական էկոհամակարգի վրա, որ ուղղակի ապշում ես»,– ասում է Լիլիթ Մարգարյանը։
Իհարկե, միայն միջավայրով հնարավոր չէ խնդիրներ լուծել, սակայն դա կարևոր քայլերից մեկն է՝ նկատում է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։ Ընդդիմախոսների պնդումներին, թե ինչն է խանգարում առանց նոր «քաղաքի» անցնել բարեփոխումների, պաշտոնյան հակադարձում է․
«Հիմա գործող ենթակառուցվածքները 30 տարվա ընթացքում իրենց սպառել են, և ավելի նպատակահարմար է ունենալ նորը, պետք է դուրս գանք արդեն ունեցած պատկերացումներից։ Մենք ունենալու ենք լրիվ նոր միջավայր և այդ խոշորացված բուհերն էլ են լինելու լրիվ նորը»,– վստահեցնում է ԿԳՄՍՆ ներկայացուցիչը։
Բուհերը կենտրոնացնող «Ակադեմիական քաղաք» ունենալու հեռանկարը ներառված է կրթության զարգացման 2020-2030թթ պետական ծրագրում։ Նախորդ տարի ձևավորվեց աշխատանքային խումբ, որը համակարգում է «Ակադեմիական քաղաքի» ստեղծման աշխատանքները։ Կառավարությունն առանձնացրել է 6 հիմնական ուղղություն, որոնց համաձայն պետք է խոշորացվեն բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները ու տեղափոխվեն Արագածոտնի մարզ։ Ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքը պետք է բավարարի այն պահանջներին, որոնք թույլ կտան դառնալ ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որտեղ բուհական կրթությունը հետազոտական գործունեությունից անբաժան կլինի:
«Այս փոփոխության համար հիմք են հանդիսացել ներկա իրավիճակը, վիճակագրությունը և բարձրագույն կրթության վիճակը։ Մեր հանրապետությունում գործում են 16 պետական բուհ, 50-ից ավելի մասնավոր բուհ, ունենք 80 հազար ուսանող, բայց արձանագրվել է կրթության որակի որոշակի անկում միջազգային վարկանիշներում։ Այդս պրոբլեմները հաշվի առնելով՝ նախանշել ենք զարգացման ուղղություններ։ Եվ դրանցից մեկը նաև նոր միջավայրի, նոր ենթակառուցվածքների ձևավորումն է՝ ի դեմս «Ակադեմիական քաղաքի»,– ասում է Գրիգորյանը։
2023-2024 ուսումնական տարվա համար բուհերում ավելի քան 9000 տեղ թափուր է մնացել։ Գնահատման և թեստավորման ազգային կենտրոնի տվյալներով՝ նույնիսկ անվճար համակարգում ավելի քան 350 թափուր տեղ կա։ «Ակադեմիական քաղաքի» ընդդիմախոսները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք այս պայմաններում, երբ բուհերն առհասարակ ուսանողների խնդիր ունեն, բուհական համակարգը հիմնովին փոխելը կարող է խնդրի լուծում լինել։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը պատասխանում է՝ «Ակադեմիական քաղաքը» կրթության ոլորտի բարեփոխումներից ընդամենը մեկն է․ շղթայական փոփոխությունները սկսվում են հանրակրթությունից, հասնում մինչև գիտություն։
«Կրթության ու, մասնավորապես, բարձրագույն կրթության վիճակն է ստիպել, որ գնանք բարեփոխումների, ու այդ բարեփոխումների ծրագիրը սկսենք բուհերի խորոշացումից, ինչը կբերի ֆինանսների արդյունավետ ծախսերից մինչև կրթական ծրագրերի խոշորացում, կենտրոնացում՝ դրանով ապահովելով նաև որակը ու միջազգայնացումը»։
Կրթական բարեփոխումներում գործընթացներ կան, որոնք վաղուց են մեկնարկել՝ նկատում է Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ Հանրակրթական նոր չափորոշիչներ, բուհերի խոշորացումներ, գիտական կազմակերպությունների նոր ծրագրեր ու միավորումներ․ այս ամենը «Ակադեմիական քաղաքի» հիմնաքարերն են լինելու։
««Ակադեմիական քաղաքը» հետևանքն է այն բովանդակային բարեփոխումների, որոնք նախատեսվում են։ «Ակադեմիական քաղաքում» բնակվելու են բարեփոխված բուհերը ու գիտական կազմակերպությունները։ «Ակադեմիական քաղաքի» բնակիչներին մենք այսօրվանից պետք է պատրաստենք, որովհետև դրանք ոչ բոլորն են այսօրվա աշխատողները։
Նախարարությունում ընդգծում են՝ նախագիծը հանրային քննարկման է ներկայացված, պատրաստ են լսելու ցանկացած քննադատություն ու կարծիք և, անհրաժեշտության դեպքում, լրամշակումների ու փոփոխությունների գնալ․ մինչդեռ «Գիտուժի» ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ «Ակադեմիական քաղաքը» ոչ միայն կրթության, այլև հատկապես գիտության խնդիրները լուծել չի կարող։