Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ չափազանց պարզ է. պարզ չէ՝ ինչ է անելու Բաքուն. Թոմաս դե Վաալ
Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է. այս մասին իր Թվիթերի իր էջում գրել է «Քարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը։
«Բորելի ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի (Արցախ) վերաբերյալ չափազանց պարզ է. մարդասիրական իրավիճակը ծանր է. Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը մատակարարումների համար. Աղդամի (Ակնա) ճանապարհը կլինի ոչ այլընտրանք, այլ հավելում Լաչինի միջանքցին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը չպետք է խոչընդոտվի: Պակաս պարզ է՝ ինչ է անելու Բաքուն», — գրել է դե Վաալը:
360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 19 բեռնատարներն արդեն 2 օր է կանգնած են մնացել Հակարիի կամրջի մոտ։ Ըստ Հայաստանի կառավարության՝ ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են ընթանում, որ նրանց օգնությամբ և ուղեկցությամբ բեռը տեղ հասցվի։ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նույնպես Հակարիի կամրջի մոտ են։ Նրանք հետևում են, թե ինչ լուծում կստանա մարդասիրական բեռները շրջափակված արցախցիներին հասցնելու գործընթացը։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված։