Ուկրաինայի սահմանապահները 2022թ. փետրվարից կասեցրել են գրեթե 20 հազար տղամարդու անօրինական մեկնումը երկրից
Ուկրաինայում 2022 թվականի փետրվարից սահմանապահները կանգնեցրել են զինվորական տարիքի գրեթե 20000 տղամարդու, որոնք փորձել են անօրինական կերպով լքել երկիրը։ Այդ մասին ասել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Դեմչենկոն հավելել է, որ անցակետերից դուրս մոտ 13,5 հազար մարդ է ձերբակալվել, որոնք փորձել են ոտքով անցնել պետական սահմանը: Նրա խոսքով, օրական մոտ 20 մարդ է բերման ենթարկվում՝ Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացիների համար դեպի ԵՄ երկրներ ճանապարհը «դժոխային» է դարձել սահմանին երկար հերթերի պատճառով, որոնց մեջ մարդիկ կանգնում են 5-10 ժամ։ Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը պարզաբանել է, որ ԵՄ անդամ երկրների սահմանին, հատկապես լեհական հատվածում երկու ուղղություններով հերթեր են գոյացել։ Բացի այդ, արձանագրվել են կենցաղային անհարմարություններ։