Հրաժարվե՞լ միկրոձեռնարկատիրությունից, թե՞ ապահովել արդար պայմաններ․ հուլիսի 1–ից փոքր բիզնեսն ավելի շատ հարկ է վճարում
5 հազար դրամի փոխարեն 20 տոկոս եկամտային հարկը բյուջեի եկամուտները կավելացնի մոտ 6 մլրդ դրամով։ Քաղաքականություն մշակող մարմնում վստահեցնում են, որ հարկման արդարացի պայմաններ են ապահովում, մինչդեռ ՓՄՁ–ում որոշումից դժգոհ են։ Ռիսկեր տեսնում են, մտահոգվում են՝ բիզնես սկսելու և վարելու գործընթացն ավելի է բարդանում։
Հարկման նոր դրույքաչափ՝ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների համար․ հուլիսի 1–ից միկրոձեռնարկատարերի վարձու աշխատողները 5 հազար դրամի փոխարեն 20 տոկոս եկատմային հարկ են վճարում։ Միատեսակ եկամուտը բոլոր դեպքերում պետք է միատեսակ կանոններով հարկվի՝ ասում է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը․
«Մեր կարծիքով միատեսակ եկամուտը, տվյալ դեպքում աշխատավարձ տեսակի եկամուտը, բոլոր դեպքերում պետք է հարկվի միատեսակ կանոններով՝ անկախ այն հանգամանքից, թե աշխատավարձ վճարող հարկատուն հարկման որ համակարգում է գործում․ լինի այն միկրոձեռնարկատիրություն, շրջանառության հարկի կամ հարկման ընդհանուր համակարգ։ Խոսքը միևնույն եկամուտի մասին է, և հարկման հավասարության ու արդարության սկզբունքը, ըստ էության, ենթադրում է, որ այդ եկամուտը բոլոր ստացողների մոտ նպատակահարմար է հարկել միատեսակ կանոններով»։
Այս փոփոխությունը նախնական հաշվարկներով լրացուցիչ 6 մլրդ դրամի հարկային եկամուտ կապահովի բյուջեի համար։ Բայց, ՓՄՁ ներկայացուցիչների կարծիքով, կստեղծի լուրջ խնդիրներ։ Այս մոտեցումն, ըստ էության, անընդունելի է ՓՄՁ ասոցիացիայի համահիմնադիր, կառավարման խորհրդի համակարգող Հակոբ Ավագյանի համար։ Նա «Ռադիոլուրին» հիշեցնում է, որ միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմը սահմանվել է 2018 թվականին։ Այդ ժամանակ խմբավորվեցին ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմով աշխատողներն ու ինքնազբաղվածները։ Սա բիզնես սկսելու ու վարելու համար ավելի հեշտ պայմաններ էր ապահովում․
«Տեսնում ենք, որ վերջին փոփոխությունները բերում են նրան, որ հակառակը՝ սկսնակ բիզնեսի համար, ի սկբանե, խաղի կանոնները դրվում են այնպիսի բարձր աստիճանի վրա, ինչպես խոշոր բիզնեսինն է։ Սա անընդունելի է, անգամ զարգացած երկրներում մշտապես այս սեգմենտը պահպանվում է։ Պետք է լինի պարզեցված հաշվառում, առանց լրացուցիչ վարչարարությունների։ Մուտք է գործում շուկա, առաջին քայլերն է անում։ Նա չունի ռեսուրս, որ ունենա լուրջ մասնագետներ»։
2022-ին շուրջ 53 հազար միկրոձեռնարկություն է գործել։ Դրանք տարին սկսել ու ավարտել են նույն հարկման դաշտում։ Շուրջ 3 հազար հարկ վճարող 2022–ին փոխել է իր հարկման համակարգը տարբեր պատճառներով՝ իրացման շրջանառությունն է գերազանցել, փոխկապակցվածություն է առաջացել այլ հարկ վճարողների հետ, տեղափոխվել է շրջհարկի կամ ԱԱՀ–ի հարկման դաշտ։ Փոխնախարարի խոսքով, այս փոփոխությունից հետո միկրոձեռնարկատիրության որոշ սուբյեկտներ ինչ-որ պահից կդադարեն այդպիսին լինելուց, որ կարողանան շարունակել բիզնեսի հետ իրենց գործակցությունը, և կդառնան կամ շրջանառության հարկ վճարողներ, կամ ԱԱՀ վճարողներ:
«Շուրջ 36 տոկոսը զբաղվում է առեւտրով, շուրջ 21 տոկոսը զբաղված է սպասարկման ոլորտում, 16 տոկոսը՝ մշակող արդյունաբերության ոլորտում: Երբ խոսում ենք արդարությունից ու հավասարությունից, պետք է անկեղծ լինենք՝ ոչ թե միակողմանի ներկայացնենք օրենսդրական փոփոխությունները, այլ բոլոր կողմերից դիտարկելով»։
Այս փոփոխությամբ գործատուները այլևս չեն կարող իրենց վարձու աշխատողին գրանցել որպես ծառայություն մատուցող, քանի որ չի կարող այդ մասով աշխատավարձը նվազեցնել՝ ակնկալիքը հենց դա է, որ այդ անձինք աստիճանաբար տեղափոխվեն իրենց համար նախատեսված հարկային միջավայր, և առնվազն դառնան շրջանառության հարկ վճարողներ՝ ասում է Պողոսյանը։ Ձեռքբերումները փաստաթղթերով ավելի լիարժեք հիմնավորելու խնդրի լուծումը կառավարության օրակարգում է։ Հակոբ Ավագյանն ասում է, որ վերադառնում են 2014–2015 թվականներին․
«Դուք գիտեք, թե որտեղ է մեծածախ շուկան, գալիս ենք այդտեղից, առնում ենք, տանում ենք, օրինակ, Գեղարքունիքի մարզ ու վաճառում։ Դուք գիտեք, որ փաստաթուղթ չկա։ Դուք ինչո՞ւ եք վերջին օղակից պարտադրում փաստաթուղթ ունենալ, գրել ՀԴՄ կտրոնի վրա։ Պատմությունը կրկնվում է։ Այն ժամանակ գոնե քաղաքականություն մշակողները պարբերաբար հանդիպում էին, երկխոսում էին»։
ՓՄՁ ներկայացուցիչները կարծում են, որ կառավարությունն աստիճանաբար «փափուկից» անցնում է «կոշտ» հարկային քաղաքականության։ Իսկ այդ քաղաքականությունը մշակողները վստահեցնում են՝ նման մտադրություն չկա։