Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն կարող էր հայտնվել արցախյան թատերաբեմից 25 կմ հեռավորության վրա․ Տոնոյան
ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի երրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական ռեսուրսներով, հայտարարել է, որ հաստատ հիշում է՝ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում։
«Խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով։ Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցն ինձ, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և՛ Անվտանգության խորհրդին ներկայացնելու մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառը նաև երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունն էր, որը մեզ համար տեսանելի էր»,- ասել է Տոնոյանը՝ մանրամասնելով, որ երրորդ կողմը Թուրքիան է։
«Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջեւանյան ուղղությամբ, ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ՝ այսպես ասած ձիու քայլով արցախյան թատերաբեմում, դրա մասին ես հրապարակային նշել եմ, այդպիսի հաշվարկ մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերը անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա, իրականացնել թռիչքներ»,- նշել է Տոնոյանը: