Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում, որի պատկանելությունը վիճարկում է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս մասին տեղեկացրել է Իրանի IRNA գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ ԻՀՊԿ հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին եւ բարձրաստիճան այլ զինվորականներ թռել են Աբու Մուսա կղզի զորավարժությունների անցկացման համար։ Ինչպես գրել է գործակալությունը, նրանց նպատակը «ԻՀՊԿ ՌԾՈւ հեղինակությունն ու մարտական պատրաստվածությունը ցուցադրելն է, անվտանգության ապահովումը Պարսից ծոցում եւ իրանական կղզիներում»։ Զինվորականները ժամանել են նաեւ Մեծ Թոմբ կղզի։ Զորավարժություններին մասնակցում են իրանական զորքերի տարբեր ստորաբաժանումներ՝ օդատիեզերական ուժերի աջակցությամբ։ Գործադրվել են նաեւ նոր նավեր՝ զինված 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով, նշել է IRNA-ն։

Tasnim գործակալությունը տեղեկացրել է, որ որոշ կղզիներում, այդ թվում Աբու Մուսայում, տեղակայվել են «Ֆաթհ» բալիստիկ հրթիռներ եւ «Կադիր» թեւավոր հրթիռներ՝ 120 եւ 300 կիլոմետր հեռահարությամբ՝ համապատասխանաբար։ Ըստ գործակալության՝ զորավարժությունների ժամանակ գործադրվել են նաեւ հեռակառավարվող նավեր եւ անօդաչու թռչող սարքեր։

Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ եւ Աբու Մուսա կղզիները գտնվում են Պարսից ծոցի ռազմավարական առումով կարեւոր մասում։ Դրանց պատկանելությունը վիճարկում են Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Իրանը։ Հուլիսի 17-ին իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր չէ քննարկել այդ կղզիների կարգավիճակը, քանի որ դրանք համարում է իր տարածքները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն