ԵՄ-ն և Թուրքիան քննարկում են Մաքսային միության ընդլայնումը
Եվրամիությունը (ԵՄ) և Թուրքիան բանակցում են Մաքսային միության համաձայնագրի ընդլայնման շուրջ։ Դա տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների ջերմացման ֆոնին, երբ հայտարարվեց, որ Անկարայի հետ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ստոկհոլմի հայտին հավանություն տալու վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ անցյալ ամիս ԵՄ Արևելյան գործընկերության նախարարները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ աշխատելու «Թուրքիայի հետ երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ», երբ Անկարան սկզբունքորեն համաձայնեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։
Բացի այդ, տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին վերջին երկու շաբաթվա ընթացքում «արդեն երկու անգամ հանդիպել է» Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեդ Շիմշեքի հետ՝ «քննարկելու Թուրքիայի կառավարության տնտեսական քաղաքականությունն ու Անկարայի և ԵՄ-ի հարաբերությունները»։
Հուլիսին Թուրքիայի ֆինանսների նախարարության ղեկավարն ասել էր, որ իր երկիրն ակնկալում է «օգտագործել ԵՄ-ի հետ առևտրային կապերի ամրապնդումը՝ գնաճը զսպելու և հետագայում համայնքին միանալու համար»։ Որպես հնարավոր անդամակցության առաջին քայլ՝ նա անվանել է «մաքսային միության համակարգում թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների ընդգրկումը»։