Արա Զոհրաբյանն ու Արցախի ՓՊ նախագահը համատեղ հայց են ներկայացրել ընդդեմ Փաշինյանի
Փաստաբան, ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը օգոտսոսի 2-ին համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Փաշինյանի գործողությունները։
«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում՝ ստորագրելու փաստաթուղթ»,-ասաց Զոհրաբյանը։
Նրա արձանագրմամբ՝ ՀՀ Սահմանդրությունը հիմնված է ՀՀ անկախության հռչակագրի վրա, որն էլ իր հերթին հիմնված է 1989 թ. Գերագույն խորհրդի որոշման վրա, որտեղ խոսվել է Հայաստանի ու Արցախի միավորման մասին։
«Ավելին՝ Գերագույն Խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ին որոշում է կայացրել, ըստ որի.
«1. Հետևողական սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և բնակչության իրավունքների պաշտպանությանը։
- 2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային ու ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- որոշումից մեջբերելով ասել է Զոհրաբյանը։