Տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են ուսումնասիրության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին։ Մեր կողմն առաջարկել է լարվածության թուլացման փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը պետք է ուսումնասիրեն»,- ասել է նա ու հավելել. «Ակնկալում ենք, որ մարդասիրական նկատառումները, հասարակ մարդկանց հանդեպ հոգատարությունը կգերակայեն Բաքվի և Երևանի միջև առկա քաղաքական տարաձայնությունների հանդեպ»։

Գոնչարը նշել է, որ ռուսական կողմը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, ներառյալ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, հասարակության ներկայացուցիչների և փորձագետների երկխոսության զարգացումը:

«Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք, բայց դա հասկանալի է՝ հաշվի առնելով այն խնդիրների և հակասությունների շարքը, որոնք կուտակվել են հակամարտության տարիների ընթացքում»,- շարունակել է դիվանագետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն