Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս․ ՊՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:
ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները դեռ երեկ գրել էին, որ անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածային, թե՝ հետախուզական, իսկ ՊՆ-ն այդմաիսն հայտնեց վերջինը։
Նշենք, որ հուլիսի 27-ից իրավիճակը կտրուկ լարվել է, մարտական գործողություններ են պարբերաբար ընթանում։ Հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Համաձայն ՊՆ-ի՝ դիրքային կորուստներ չունենք։