Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջին եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը
2023 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 256 հազար զբոսաշրջիկ, այս թիվը գերազանցում է 2022-ի նույն ամսվա ցուցանիշը, որը եղել է 189 հազար զբոսաշրջիկ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը, ապա տեղեկացրեց, որ 2023 թվականի ցուցանիշը գերազանցել է նաև զբոսաշրջային լավագույն տարվա՝ 2019 թվականի նույն ամսին գրանցած ցուցանիշը՝ 202 հազար զբոսաշրջային այցելություն:
«Նաև տարվա կտրվածքով, այսինքն՝ հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում, ունենք 1 միլիոն 260 հազար այցելություն, որը կրկին գերազանցում է 2019 թվականի նույն ժամանակահատվածի թվերը 29 տոկոսով»,- ասաց Աննա Մարգարյանը՝ նկատելով, որ նման ցուցանիշ արձանագրելուն նպաստել են նաև Հայաստանում անցկացվող փառատոները, իսկ Զբոսաշրջային կոմիտեն աջակցում է 17 նմանատիպ միջոցառումների անցկացմանը ամռան և աշնան ամիսներին:
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով առաջին տեղում Ռուսաստանն է, ապա՝ Վրաստանը և Իրանը, հետո մնացած երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը:
Ըստ Աննա Մարգարյանի՝ վերջին շրջանում Հնդկաստանից, Չինաստանից, Դուբայից ևս զբոսաշրջային մեծ հոսքեր են գրանցվել: Կոմիտեն նաև մարքեթինգային արշավ է իրականացրել ԱՄԷ-ում, ինչի արդյունքում զբոսաշրջիկների թիվն աճել է: Այժմ աշխատանք է իրականացվում եվրոպական շուկաների հետ, հատկապես՝ Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Չեխիայի, որտեղից ուղիղ չվերթներ կան դեպի Հայաստան:
Աննա Մարգարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստան են այցելել նաև 8 երկրներից բլոգերներ, մեդիաներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն: