Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Սևանում մեկնարկում է «Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթ» փառատոնը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Sky Club ակումբի հիմնադիր Արմեն Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ փառատոնը մեծ թվով զբոսաշրջիկներ է բերում Հայաստան:

Անցած տարիներին կազմակերպված մրցումների շրջանակում Հայաստան է այցելել 100-120 մարզիկ տարբեր երկրներից, ու քանի որ այս տարի ամբողջ աշխարհում բարձրացվել է Սևանում անցկացվելիք մրցույթի իրազեկվածության մակարդակը, նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում կայցելի 1000-2000 զբոսաշրջիկ:

«Եթե 1500 հոգի լինեն, շատ լավ կլինի, բայց նախատեսում ենք 1000-ից ավելի»,- ասաց Արմեն Սարգսյանը, ապա մանրամասնեց, որ, ըստ մրցման կանոնների, մարզիկները պետք է թռչեն բարձրությունից և վայրէջք կատարեն նախատեսված վայրում: Ով ավելի մոտ վայրէջք կատարեց նշված կետին, նա էլ հաղթողն է:

Արմեն Սարգսյանը ընդգծեց, որ պարապլաներիզմը Հայաստանում մեծ պոտենցյալ ունի, որովհետև լեռնային երկիր ենք, և այդ տեսանկյունից Հայաստանը թոփ 10 երկրների ցանկում է:

«Հայաստանը թոփ 10 երկրների ցանկում է, և դա մենք պարծանքով ենք ասում, քանի որ նախորդ տարիներին բավականին լուրջ աշխատանք էինք կատարում, որպեսզի Հայաստանն այդ առումով ճանաչված լինի: Այդ պատճառով մենք նոր ուղղություն ենք զարգացրել՝ պարատուրիզմ, և Հայաստան են գալիս պարապլաներիստներ»,- ասաց նա՝ մանրամասներով, որ վերջիններս հիմնականում 10 օրով են գալիս, իսկ թռիչքները նրանց համար կազմակերպում է Հայաստանը:

Փառատոնի շրջանակում Հայաստան կայցելեն մարզիկներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից: Եվրոպական երկրներից քիչ են մասնակիցները, քանի որ, ըստ Արմեն Սարգսյանի, չեն համարում, որ ճանապարհորդելու համար լավ ուղղություն է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն