Բաղրամյան խոշորացված համայնքում տևական դադարից հետո վերսկսվել են բարեկարգման աշխատանքները։ Այստեղ փոխում են բազմաբնակարան շենքերի տանիքները, ասֆալտապատում փողոցները: Լեռնագոգում արդեն սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվել. հիմնանորոգվել է հինգհարկանի շենքի քայքայված տանիքը, իսկ այս տարի ասֆալտապատվել է երկու փողոց: Խնդրահարույց է խմելու և ոռոգման ջրի մատակարարումը:

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի նախկին բարեկարգ տեսքից գրեթե ոչինչ չի մնացել: Արդյունաբերական կենտրոն համարվող բնակավայրի խնդիրները նախկինում լուծվել են տեղի ձեռնարկությունների միջոցով, որոնց գործունեության դադարից հետո դրանք անուշադրության են մատնվել: Համայնքների խոշորացումից հետո Լեռնագոգում շինարարական աշխատանքներ են սկսվել:



14-ամյա Արենը հետևում է ասֆալտապատման ընթացքին՝ հույս ունենալով, որ մի օր էլ իրենց փողոցը կբարեկարգեն. «Մեր տունը մյուս փողոցում է գտնվում, բայց էլի լավ է, որ սարքում են: Մեր փողոցը քանդված է, բայց մյուս տարի կանեն»:

Արձագանքում են բնակիչները.

 «Մեր համայնքում անհիշելի ժամանակներից ասֆալտապատում չի եղել»:

«Շատ լավ է, շատ ընտիր գործ են անում մարդիկ, գոհ ենք, առաջ շատ վատ էր»:

Պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Լեռնագոգում արդեն երկրորդ սուբվենցիոն ծրագիրն է իրականացվում՝ ասում է վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը: Երկու փողոցի ասֆալտապատման ընդհանուր արժեքը 57 մլն դրամ է, որի 60 տոկոսը վճարում է կառավարությունը: Ընտրվել են ամենաբանուկ փողոցները՝ դպրոցի ու հանրային տրանսպորտի ուղերթի ճանապարհները:



«Անցած տարի բնակավայրում կառուցել են հինգհարկանի շենքի տանիքը: Մեզ մոտ բազմաբնակարաններ շատ կան, բայց մի հատ հինգհարկանի շենք ունենք, որն ամենամեծն է ու տանիքը վերականգնվեց, իսկ այս տարվա ծրագրով ասֆալտապատում է ու ոռգման ցանցի վերականգնում»:

Բազմաբնակարան շենքի տանիքի քայքայվածության պատճառով 5-րդ հարկում գրեթե ոչ ոք չի բնակվում, իսկ տանիքը նորոգելով, կանխել են շենքի փլուզումը: Ընդհանուր առմամբ՝ Լեռնագոգում այս տարի բարեկարգվում է շուրջ 900 գծամետր ճանապարհ: Ճանապարհաշինարար Լևոն Հակոբյան.



«Լեռնագոգ համայնքում ասֆալտապատում ենք 1-ին և 12-րդ փողոցները. առաջին փողոցում 3400 քմ, իսկ 12-րդ փողոցում՝ 3500 քմ: Հիմնովին քանդել ենք քայքայված ծածկույթը, 12 սմ խիճ ենք տեղադրել, հետո բիտում ու ասֆալտի շերտ՝ 5 սմ հաստությամբ: Ավելի դիմացկուն կլինի ճանապարհը»:

Լեռնագոգի մյուս փողոցները նույնպես բարեկարգման կարիք ունեն, որոնք ավելի վտանգավոր են դարձել ծայրամասում ապրողների համար.

«Բոլոր փողոցներն էլ ենթակա են բարեկարգման, օրինակ՝ մենք սարի տակ ենք մնում, և աղվեսներն ու գայլերը մեզնից այդքան էլ հեռու չեն, վերջնամասում ենք ապրում. ո՛չ լուսավորություն ունենք, ո՛չ էլ ասֆալտապատում: Եթե անձրև գա ու մեր փողոց մտնեն,  ցեխի մեջ կկորեն: Գյուղի կենտրոնական մասերում լուսավորություն կա»:



Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանն ասում է, որ այս տարի տարբեր բնակավայրերում մեծ ծավալով շինարարական աշխատանքներ են սկսել: Ավելին անելու ցանկությունը մեծ է, բայց բյուջեն փոքր է, աշխատանքների մի մասը նախատեսել են հաջորդ տարի իրականացնել:

«Դալարիկում երկու փողոցների ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են, Լեռնագոգում, Շենիկում, Արտամետում և Վանանդում շարունակվում են: Բաղրամյան բնակավայրում ՝ նախկին շրջկենտրոնում, Հուշակերում, Երվանդաշատում, Տալվորիկում նոր են սկսելու, բոլոր համայնքները փորձել ենք ներառել: Այս տարվա սուբվենցիոն ծրագրերի գումարը մոտավոր 1մլրդ 100 մլն դրամ է, բայց ծրագրեր կան, որ նախատեսել ենք 2023-24 թթ իրականացնել: Մենք էլ ուզում ենք շուտ ավարտել ու շատ գործ անել»:

Լեռնագոգի բնակիչները գոհ են ասֆալտապատումից, բայց դժգոհ՝ ջրամատակարարումից. ամռան տապին խմելու ջուրը մատակարավում է ժամով, 2 օրը մեկ անգամ: Տիգրան Դավթյանն ասում է, որ խմելու ոչ պիտանի ջրի դիմաց իրենք ավելի շատ են վճարում՝ օգտագործելով էլեկտրական պոմպեր:



«Մեզ մոտ ջուրը մատակարարվում է օրումեջ՝ ըստ թաղամասերի, չնայած պայմանագրում գրված է շուրջօրյա և խմելու ջուր չի: Ամեն թաղին տալիս են 6-8 ժամ, բայց նստվածքով ջուրը աղային մեծ կուտակումներ ունի և պոմպերը շարքից հանում են, 2 տարին մեկ վերանորոգում ենք»:

Լեռնագոգում, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք այլ համայնքներում, խմելու ջուրը  Թալինից են գնում, իսկ խորքային հորի ջուրն օգտագործում են կենցաղում և ոռոգման համար: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ոռոգման ներքին ցանցի վերականգնումից հետո ջրամատակարարումը կանոնավոր կլինի:



«Որոշ ժամանակ առաջ խմելու ջրի խնդիրն ավելի սուղ էր. արտեզյան հորի կարողությունները չէին բավարարում շուրջօրյա ջրամատակարարման համար: Մեր միջնորդությամբ «Վեոլիաջուրը» խորքային հորի պոմպը հզորացրել է՝ նորն է տեղադրել, բայց քանի որ գյուղում կա նաև ոռոգման խնդիր, բնակիչները ստիպված են խմելու ջուրն օգտագործել ոռոգման նպատակով: 2022թ սուբվենցիոն ծրագրով մենք նախատեսել ենք վերականգնել ոռոգման ներքին ցանցը՝ 147 մլն դրամ արժեքով, մրցույթը կայացել է և մոտ ժամանակներս ոռոգման ցանցը կփոխվի: Այդպես կբարելավվի գյուղի ոռոգման խնդիրը, հետևաբար՝ խմելու ջուրը չեն օգտագործի ոռոգման նպատակով, և կբավարարի»:



Արմավիրի մարզի համայնքների մեծ մասում ճանապարհները ասֆալտապատում են խմելու ջրագծերը փոխելուց հետո, որպեսզի վթարներ չլինեն ու ասֆալտը չքանդեն: Լեռնագոգում ջրագծերը չեն փոխվել: Համայնքի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանն ասում է, որ խմելու ներքին ցանցը նորմալ վիճակում է, իսկ վթարի դեպքում «Վեոլիաջուրը» կվերականգնի վնասված ջրագիծն ու ասֆալտը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն