Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում
Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի պետությունների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում: Կոտ դ'Իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտնել է, որ գործողությանը կմասնակցեն Նիգերիան, Բենինը և այլ երկրներ: «Մենք վճռական ենք նախագահ Բազումին իշխանության վերադարձնելու հարցում»,- հավելել է Ուատարան։ Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն աջակցություն են հայտնել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի որոշմանը:
Նիգերի ապստամբները զգուշացրել են ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդին, որ կսպանեն գահընկեց արված նախագահ Մոհամեդ Բազումին, եթե հարևան պետությունները վերջինիս վերականգնելու համար ռազմական միջամտության փորձ անեն:
Associated Press-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ աֆրիկյան երկրում իշխանությունը բռնազավթած զինվորականներն այս մասին հայտնել են օրերս Նուլանդի՝ Նիգեր այցի ժամանակ:
CNN-ի տվյալով էլ՝ Նուլանդը զգուշացրել է, որ Բազումի անվտանգությունը պետք է ապահովվի, իսկ երկրի սահմանադրական կարգը չհարգելու դեպքում Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունը Նիգերին տնտեսության և անվտանգության ոլորտներում: