ՄԱԿ ԱԽ նամակը նոր դուռ կբացի հետագա քայլերի համար․ քաղաքագետ
Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ՝ Արցախի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության Խորհրդի միջամտությունը՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի շեմին։ Արցախում տիրող հումանիտար աղետին դարձյալ անդրադարձել է միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն, կրկին այն որակելով ցեղասպանություն և նշել , որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է այն մարդը, որը կարող է փոխել իրավիճակը, ստիպել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Քաղաքագետները Երևանի կողմից ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու քայլը անչափ կարևոր են համարում իրավիճակի հանգուցալուծման համար։
Անկախ վերջնարդյունքից, չափազանց կարևոր քայլ է Արցախում ստեղծված բարդագույն իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարելու պահանջով ՀՀ դիմումը, որն իր հետևից բերելու է քայլերի որոշակի հաջորդականություն, համոզված է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։ Նա նշում է, որ ՄԱԿ-ից պետք է խնդրել համարժեք գնահատական տալ Արցախում կատարվող իրադրությանը, հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որում նա կատարվածը որակել է որպես ցեղասպանություն և նշել Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։
Քաղաքագետը գտնում է, որ հիմք պետք է ընդունվեն Ցեղասպանությունների ինստիտուտի ահազանգերը, բազմաթիվ բանաձևեր ու միջազգային ատյանների վճիռներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ այն ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է․
«Որից հետո Միջազգային հանրությունը, ի դեմս ՄԱԿ ԱԽ-ի, պետք է հստակ ժամանակացույց սահմանի Ադրբեջանին ներկայացնելու համար, որ այդ ժամանակահատվածում ապառազմականացնեն Բերձորի միջանցքը 5 կմ լայնությամբ կապուղին, որը 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո իրավաքաղաքական կարգավիճակ ունի։ Այնուհետև այդ պահանջին զուգահեռ կայացնի որոշում միջազգային դիտորդական մշտադիտարկող առաքելություն Արցախ ուղարկելու մասին, որը պետք է դառնա առաջին քայլը՝ միջազգային խաղաղապահ ներկայություն տեղակայելու։ Սա է ճանապարհը այլընտրանք չկա»։
Եթե այս գործընթացին Բաքուն փորձի խոչընդոտել, ապա դրան կհետևեն քաղաքական-տնտեսական ու ռազմաքաղաքական հետևանքներ, համոզված է քաղաքագետը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում նշել է, որ 2023-ի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրել է հումանիտար վիճակը Արցախում։ Ադրբեջանը լիովին փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով նույնիսկ մարդասիրական բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, իսկ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել ժողովրդի կենսագործունեությանը։
Առաջին անհրաժեշտության սննդամթերքի և վիտամինների բացակայության պատճառով մոտ 2000 հղի կին, մոտ 30 000 երեխա, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձ պայքարում է թերսնման պայմաններում գոյատևելու համար, նշվում է Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում։ Շեշտվում է, որ ամբողջական շրջափակման պատճառով Արցախում արձանագրվել է մի շարք հիվանդությունների աճ, այդ թվում՝ սիրտանոթային, չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունների աճ կա։
«Բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների կանխամտածված ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային ոճրագործություն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ, և ստիպելու նրանց լքել իրենց տներն ու հայրենիքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ նման կոլեկտիվ պատժի կիրառումը գոյաբանական վտանգ է ներկայացնում վերջիններիս համար, եթե նրանք միայնակ մնան ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության դեմ», — ասվում է ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում։
ՄԱԿ ԱԽ-ին դիմելու մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, նշելով, որ ՄԱԿ ԱԽ նախագահից պահանջվել է անցկացնել ԱԽ արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյան․ «Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի այդ հատվածը, որը հրավիրում է նմանատիպ նիստեր, ամենակարող հատվածն է, և ցանկության դեպքում շատ կարճ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ մարտունակությունը կարող են հասցնել այն աստիճանի, որը վտանգավոր կդառնա Ադրբեջանի պետության գոյության համար»։
Սակայն պետք է նաև նկատի ունենալ, որ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից մեկը կարող է վետո կիրառել ու տապալել գործընթացը։ Այդ դեպքում, ըստ քաղաքագետի, դա հնարավորություն կտա Հայաստանին կատարել համարժեք քայլեր ու նոր ռազմաքաղաքական դաշինքների մաս կազմելու քաղաքականության շրջանակներում գործել։
Այս պայքարում, ըստ Գուրգեն Սիմոնյանի, Հայաստանը պետք է ձգտի հզորանա, ժողովուրդը պետք է համախմբվի և գոյութենական սպառնալիք դառնա այն երկրների համար, որոնք դեմ են հայ ժողովրդի գոյությանը։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ, միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն կրկին հայտարարում է, որ Ադրբեջանի քայլերն Արցախի դեմ ցեղասպանություն է։ Նա թվիթերի իր էջում գրել է, հետևյալը․
«Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն»։
Այս գրառմանը կից Օկամպոն՝ կիրառել է #StopArmenianGenocide2023 հեշտեգը և հղում արել ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին: Նա նաև տեսանյութ է հրապարակել որում դիմելով մարդկանց, ասում է․
«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը չունեն ձայն և քաղաքակական ներկայացվածություն։ Դուք կարող եք օգնել նրանց՝ տալով ձեր ձայնն ու ներկայացվածությունը, ինչը կօգնի նրանց հասնել պետքարտուղար Բլինքենին։ Նա է որոշում կայացնողը և միայն նա կարող է փոխել եղած քաղաքականությունը՝ կանգնեցնելու հայերի ցեղասպանությունը 2023-ին»:
ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու ՀՀ պահանջը ողջունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա կարևորել է այն, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը: Ակնհայտ է, ըստ նրա, որ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը մեծ արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում: Ժամանակը շատ կարևոր է և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ, գրել է Արցախի նախագահը, հորդորելով ու պահանջելով բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և անցնել գործնական ու արդյունավետ քայլերի։