Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից. Փաշինյան
Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է Կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:
Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը:
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետևողական ներդրման և վերահսկման միջոցով:
Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում:
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև “Զիլ” ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։